News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի կազմի ձևավորումը կարող է զուտ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը գրավելու և իմիտացիոն բնույթ կրել, քանի որ այն անկախ մարմին չէ, համապատասխան լիազորություններ չունի և որոշումների վրա չի ազդում: Այսօր` մարտի 3-ին, կայացած քննարկմանը նման եզրահանգման եկան ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ  Թևան Պողոսյանը, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:

«Հայաստանում ցանկացած խորհուրդ երբ ձևավորվում է և չունի համապատասխան ադմինիստրատիվ ռեսուրս այդ խորհրդի ընդունված որոշումները կյանքի կոչելու համար, ապա այն գոյություն ունի միայն թղթի վրա: Նույն անվանումով մարմին ստեղծվել է դեռևս 10 տարի առաջ, սակայն փորձը ցույց է տվել, որ այդ համակարգի տարբեր բաժինները հաջողություններ ունեցան միայն, երբ իրենք ցանկացան։ Իսկ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար քաղաքական կամք է հարկավոր», - ասաց Պողոսյանը:

Բանախոսների կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ հստակ չեն նշվում մեխանիզմները, որոնցով կառավարվելու և վերահսկվելու են խորհրդի աշխատանքները:

«Հայաստանում պետք է ստեղծվի անկախ հակակոռուպցիոն մարմին, որի աշխատանքները լինեն թափանցիկ հասարակության համար, հակառակ դեպքում նոր խորհուրդը կրկին իմիտացիոն բնույթ է կրելու», - ասաց Մարատ Ատովմյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին կառավարության նիստին հաստատվեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի կազմը: Նոր խորհուրդը կրկին գլխավորելու  է վարչապետը, խորհրդի անդամներն են լինելու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության նախարարը, ֆինանսների նախարարը, գլխավոր դատախազը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (ԲՊԱԷՀ) նախագահը, Հանրային խորհրդի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, համայնքների միության մեկ ներկայացուցիչ եւ քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ, որոնք ընտրվելու են մրցութային եղանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ