Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ասյօր՝ մարտի 22-ին, զինվորական կարգով հողին են հանձնել հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ մարտի 19-ին զոհված զինծառայող Էդուարդ Հայրապետյանին:
Էդուարդ Հայրապետյանին հուղարկավորել են Աշտարայի Մուղնի թաղամասի գերեզմանատանը: Հուղարկավորությանը ներկա են եղել ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ՊՆ այլ պաշտոնյաներ, հարազատներ, համաքաղաքացիներ:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: