Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու Լոս Անջելեսի աջակցությունն է հայտնում անցյալ շաբաթ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության եւ արդարության բանաձեւի նախագծին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
«Լոս Անջելեսն աշխարհի խոշորագույն հայ համայնքներից մեկի համար տուն է, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց սերունդների: Մեր քաղաքի համար կարեւոր է հանդես գալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված №154 բանաձեւի աջակցության օգտին: Վստահ եմ, որ այն, ինչ այստեղ նախաձեռնում ենք, լսելի կդառնա եւ կդիտարկվի Վաշինգտոնում մեր ընտրյալ առաջնորդների կողմից եւ մեզ ավելի կմոտեցնի արդարությանն ու ճանաչմանը»,- ասել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը:
Նախագիծն ուղարկվելու է ընտրությունների եւ միջկառավարական հարցերի հանձնաժողով: Այստեղ լսումներից հետո նախագիծը կրկին կուղարկվի խորհուրդ՝ քվեարկության եւ կընդգրկվի քաղաքի 2015-2016 թվականների դաշնային օրենսդրական ծրագրում: