News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անհիշելի ժամանակներում Հռոմ ուխտագնության են մեկնել նաեւ հայերը: Հնագույն ժամանակաշրջանի վկայությունը խաչքարն է, որը հիմա գտնվում է Վատիկանի թանգարանում: Այս մասին նշվում է Rome Reports-ի ռեպորտաժում:

Խաչը թվագրվում է 1246 թվականով: Հիմա այն տեղադրված է Ուրբանոս VII Պապի անվան պատկերասրահում, Սիքստինյան կապելլայից մի քանի մետր հեռավորությամբ:

2014 թվականի սեպտեմբերին դրա տեղադրման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Խաչը կանգնած է եղել այն տան մուտքի մոտ, որտեղ իջեւանել են հայերը: «Այն մուտքի մոտ է դրել տանը հետեւող հոգեւորականը: Այս խաչը զուտ ազգային ուրվագիծ ունի»,- նշել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

Այդ տունն այլեւս չկա, սակայն խաչը դարեր անց գտնվել է եւ հիմա Վատիկանի թանգարանում է:

«Բացի հայերեն տառերից, խաչի վրա լատիներեն գրված է. այս խաչը սուրբ է»,- հավելեց դեսպան Մինասյանը:

Խաչն այնտեղ է տեղադրված եղել, որպեսզի հնարավոր լինի կանգնել եւ աղոթել՝ նախքան Սուրբ Պետրոսի շիրիմին մոտենալը: «Ապրիլի 12-ին հայերը կրկին կգան այստեղ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- հայտարարել է Մինասյանը:

«Այդ իրադարձությունների հիշատակին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ապրիլի 12-ին պատարագ կմատուցի: Իսկ այդ խաչն արդեն հավատքի եւ մի ամբողջ ժողովրդի փրկության խորհրդանիշ է դարձել»,- նշվում է Rome Reports-ի ռեպորտաժում:

Նշվում է նաեւ, որ ներկայում 1246 թվականով թվագրվող հայկական խաչքարը, որը հայտնաբերվել է 17-րդ դարում՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակի մերձակայքում, տեղադրված է Ուրբանոս VII Պապի անվան պատկերասրահում, աշխարհահռչակ Սիքստինյան կապելլայից մի քանի մետր հեռավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ