Շարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
«Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի միաձայն ընդունումը։
Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, եւ կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը։
Այս բանաձեւի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը եւ իր կարեւոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,- ասվում է Նալբանդյանի ուղերձում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։