News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Շիրակի մարզեր: Հանրապետության նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին: Շրջայցի ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացրել են, որ մանկապարտեզի նոր երկհարկանի շենքը պատրաստվում է ընդունել նախադպրոցական հասակի 110 սաների՝ համայնքի պահանջարկը լիովին բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է նաեւ շրջակա տարածքը:

Մանկապարտեզի բացման կապակցությամբ Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին հանձնել է Սասունիկի պատվավոր քաղաքացու կոչման վկայագիր:

Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Թալինի՝ հիմնանորոգված եւ կահավորված մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ ուսումնառության համար ստեղծված պայմաններին:

Գեղարվեստի դպրոցի շենքը, որը կառուցվել է 1970-1972թթ. եւ սկզբում գործել է որպես մանկապարտեզ, 1984թ. վերանորոգվել է եւ տրամադրվել գեղարվեստի դպրոցին: Մինչեւ ծրագրի իրականացումը շենքը չի ջեռուցվել, իսկ մասնաշենքերից մեկը չի գործել: 2013թ. փետրվարի 9-ին, ՀՀ նախագահի Թալին կատարած այցի ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների արդյունքում, գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել եւ հիմնանորոգվել է: Դպրոցին հատկացվել է նաեւ անհրաժեշտ գույք:

Դպրոցի բակում Հանրապետության նախագահը մասնակցել է հաստատության սաների եւ քարագործության ուսուցչի ուժերով պատրաստված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ