News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բաշ-Ապարանի ճակատամարտում տարած հաղթանակը միակամության շնորհիվ է եղել եւ այդ հաղթանակով է սկիզբ դրվել մեր հետագա բոլոր հաղթանակներին: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Բաշ-Ապարան ճակատամարտի հաղթանակի 97-րդ տարեդարձին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը:

«Այս հաղթանակում միասնականությունն ակնհայտ է, իսկ միակամության հիմքը մեկս մյուսի հանդեպ հարգանքն է: Տեսնում եմ, որ մենք այսօր միակամ ենք, եւ այսկերպ միշտ հաղթելու ենք, ինչպես հաղթել ենք Բաշ-Ապարանի ճակատամարտում: Մայիսի 28-ը, այսօրվա ջինջ երկինքը, երեխաների ժպիտը եւ ընդհանրապես անկախ Հայաստանի գոյության գրավականն է»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի խոսքով եւս մայիսի 28-ը հայ ազգի 20-րդ դարում գրանցված հաղթանակների սկիզբն է: 

«Ես գտնում եմ, որ մենք հպարտությամբ պետք է նշենք այս տոնը որովհետեւ դա 20-րդ դարի մեր հաղթանակների սկիզբն է եղել, երբ 1918թ. մենք կարողացանք Ղարաքիլիսայում, Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում կարողացանք թուրքերին ցույց տալ, ջախջախել եւ ասել, որ հայ ազգը կա, լինելու է: Դրանից հետո մենք կարողացանք ունենալ մեր Շուշիի հաղթանակը: Ես գտնում եմ, որ հայ ազգը իրավունք ունի հպարտանալու եւ պարտավոր է պինդ լինել եւ գնալ առաջ»,-ասաց նախարարը:    

Ապարանի հրապարակում Աղվան Հովսեփյանին, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին եւ Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին, միության անդամ, Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանին դիմավորեցին աղուհացով: Այնուհետեւ պաշտոնյաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին ճակատամարտում զոհված հերոսների շիրիմներին եւ հուշարձաններին:

Միջոցառումն ուղեկցվեց տոնական շքերթով, զորավարժություններով եւ տոնական համերգով, որին ներկա էին հարյուրավոր քաղաքացիներ: Աղվան Հովսեփյանը եւ Արմեն Երիցյանը անձամբ կտրեցին տոնական տորթը եւ հյուրասիրեցին ներկաներին։ Տոնական միջոցառմանը հաջորդեց ճաշկերույթ։

Մայիսյան հաղթանակների կապակցությամբ իր ուղերձն էր հղել «Երկրապահ կամավորների» միության նախագահ, Արցախի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն՝ ջերմորեն ողջունելով հայ ժողովրդին մեծ հաղթանակների կապակցությամբ եւ մաղթելով նորանոր հաջողություններ:

Նշենք, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ներկա չէր արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ