Էլեկտրաէներգիայւի սակագինը բարձրացնելու որոշման դեմ պայքարող քաղաքացինեըր, որոնք երեկ ժամը 19:00-ից փակել են Բաղրամյան պողոտան, չեն պատրաստվում հեռանալ: Այս մասին այսօր` հունիսի 24-ին, հայտարարեցին ցուցարարները (ֆոտոռեպորտաժ):
Նրանց փոխանցմամբ, որքան էլ պատգամավորները, հայտնի մարդիկ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները փորձեն համոզել իրենց, իրենք չեն հեռանալու եւ շարունակելու են պայքարը Բաղրամյան պողոտայում:
Նշենք, որ արդեն 14 ժամից ավելի ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից։
Չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Նույն օրը երեկոյան ժամը 20։00–ի մոտ ցուցարարները կրկին Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26։ Ոստիկանները կրկին փակեցին նրանց ճանապարհը։ Կեսգիշերից հետո ցուցարարներին աջակցություն հայտնելու եւ նրանց ու ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու նպատակով բաղրամյան պողոտա եկան պատգամավորներն ու շոու բիզնեսի աստղերը։ Նրանց մի մասը լուսացրել է Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: