«Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է պայքարը ավելի լայն ֆորմատով: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող Արթուր Քոչարյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը շարունակելու է փողոցային պայքարը, ձեւավորվելու են իրավաբանական, տնտեսագիտական խմբեր, կազմակերպվելու են հանրային քննարկումներ: (ֆոտոռեպորտաժ)
«Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի բավարարում, ուստի հետեւողական ենք լինելու, որ մեր պահանջները լիարժեք կատարվեն: Պահանջելու ենք, որ բոլոր ոստիկանները, որոնք հունիսի 23-ին խաղաղ ցուցարաների նկատմամբ բռնություն են կիրառել, պատժվեն»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ այսօր Կոնսերվատորիայի հարակից այգում ժամը 19:00-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրային քնննարկում է անցկացնելու:
Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: