Բաղրամյան պողոտայում 9-րդ գիշերն անցել է առանց միջադեպերի։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ողջ գիշեր ցուցարարները խաղեր են խաղացել, քննարկումներ արել, մի մասն էլ քնել է պողոտայում եւ հարակից տարածքներում։
Վաղ առավոտյան ցուցարարները մաքրել են տարածքը։
Ակտիվություն չի նկատվել նաեւ ոստիկանների շրջանում, միայն փոքրաթիվ իրավապահներ են կանգնած եղել արգելապատնեշում։
Նշենք, որ գիշերը ցուցարարները ստեղծել են նախաձեռնող խումբ եւ կազմակերպչական խմբեր՝ արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանման, տեխնիկական խնդիրների, հասարակայնության հետ աշխատող, իրավաբանական եւ ֆինանսատնտեսական։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: