«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեք օր չի լինելու պայքարի իր ընկերների հետ:
«Սիրելի ընկերներ, առողջական խնդիրների պատճառով 3 օր չեմ լինի ձեր տեսադաշտում: Կվերադառնամ կազդուրված ու նույն ոգով, որով սկսել էինք կշարունակենք պայքարը միասին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այս պահին մասնակցում են բողոքի ակցիաներին, սակայն միայն որպես սովորական մասնակիցներ: Այսօր առավոտյան եւս նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում էին:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: