Արդեն 8-րդ օրը էլեկտրաէներգիայի բարձրացման մասին որոշումը չեղարկել պահանջող «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողներին հայտարարեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վաղը նախաձեռնության անդամներով երթով շարժվելու ՀԾԿՀ շենք եւ հրաժարականի պահանջով նամակ են հանձնելու:
«Չգիտեմ, թե ստորագրահավաքը ինչքան կշարունակվի, բայց հստակ է, որ այստեղ ենք մնալու այնքան ժամանակ, մինչեւ որ մեր պահանջները կատարվեն»,-ասաց նա:
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք շարունակելու են մնալ Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը: Բացի դրանից՝ շարժման մասնակիցները պահանջում են ՀԾԿ հանձնաժողովի բոլոր անդամների հրաժարականները: