News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը էսսեներ է գրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որն, ըստ նրա, կօգնի կողմնորոշել ժողովրդին առաջարկվող սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք Հրանտ Բագրատյանի էսսեները.

«Կարեւոր է հասկանալ, թե ինչպե՞ս կողմնորոշել ժողովրդին այս Սահմանադրության նախագծի նկատմամբ։ Որոշեցի մի քանի էսսե նվիրել դրան.

1. «Նոր Սահմանադրությունը եւ համընդհանուր պետական ընտրությունները», 2. «Նոր Սահմանադրությունը եւ պառլամենտարիզմը», 3. «Նոր սահմանադրությունը եւ մարդու իրավունքները», 4. «Նոր Սահմանադրությունը եւ ՀՀ տնտեսակարգը», 5. «Նոր Սահմանադրությունը եւ դատական համակարգը», 6. «Նոր Սահմանադրությունը եւ տեղական ինքնակառավարումը» եւ այլն։

Էսսե նո. 1. «Նոր Սահմանադրությունը եւ համընդհանուր պետական ընտրությունները»

Նոր Սահմանադրության հիմնավորման մեջ ասված է. 1995թ. Սահմանադրությունը 1 մարդու համար էր, իսկ նոր Սահմանադրությունը արդեն ժողովրդի համար է, մարդկանց հիմնարար իրավունքները վերջապես հաշվի են առնվում։ Ի՞նչ է իրականում հրամցնում իշխող հանրապետական մեծամասնությունը։ Եթե ներկայումս ՀՀ քաղաքացիները 2 համապետական մարմին (ՀՀ Նախագահ եւ ԱԺ) ընտրելու իրավունք ունեն ուղղակի, գաղտնի, հավասար, համընդհանուր եւ ազատ ընտրությունների միջոցով (մի կողմ թողնենք իշխող կուսակցության կողմից ընտրակեղծիքների պարագան), ապա նոր Սահմանադրությամբ՝ ոչ մեկը։ ՀՀ Նախագահի ուղղակի ընտրությունները վերանում են։ Վերանում են նաեւ ԱԺ ընտրությունները։

Այստեղ կա 1-ին փուլ, նշված հատկանիշներով, բայց կա նաեւ 2-րդ փուլ՝ երբ բազմամանդատային մարմնի ընտրություններում ինչ-որ մեկը պետք է հաղթի եւ իր ձայներին անհայտ քանակությամբ ձայներ ավելացնի, որպեսզի կայուն մեծամասնություն ձեւավորի։ Այս 2-րդ փուլում միանշանակ իշխող մեծամասնության համար է. բավական է, որ նրա համար քվեարկի պետական ապարատը, բանակը, ոստիկանությունը եւ այլն, ապա նա մտնում է 2-րդ փուլ եւ անում ինչ ուզում է։ Ահա այս 2-րդ փուլում ընտրությունների վեր նշած համընդհանրության ու հավասարության սկզբունքները չեն գործում։ Ուրեմն չկա լիարժեք ընտրություն։ Սա է կայուն մեծամասնության գաղափարախոսությունը։

Ավելի զավեշտալի են ՀՀ նախագահի ընտրությունները։ Մտցվում է ընտրիչների ինստիտուտը. պատգամավորներ + ընտրիչներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Վերջիններս արդեն ընտրված են եւ բոլորն էլ (99%) հանրապետականներ են։ Այստեղ շատ խորամանկ բան է նախատեսված, շաաատ մտածված։ Եթե անգամ հանրապետականները պարտվեն ԱԺ ընտրությունները (ասենք թե մի հրաշքով ընդդիմությանը հաջողվում է 51% հավաքել), ապա նրանց Նախագահի թեկնածուն միեւնույնն է անցողիկ է։ Այս դեպքում Նախագահը հանգիստ բլոկ է անում ընդդիմության վարչապետին։ «Նոր» Նախագահը ունի բոլոր իրավասությունները (գրեթե առանց փոփոխության), ինչ «հինը»։ Հանրապետականները մարդկանց մոլորեցնելու համար նույն ընդդիմության բերանը մի սխալ արտահայտություն են գցել. իբր թե նոր Նախագահը սիմվոլիկ է։ Նման բան չկա. նա պետության գլուխն է եւ ունի նույն իրավունքները։ Եվ, պատկերացնու՞մ եք, այդպիսի մարդուն ընտրում է ինչ-որ ընտրիչների ժողով։ Իսկ սովորաբար, եթե ընդդիմությունը ԱԺ ընտրությունների ժամանակ ինչպես միշտ մի թուլափայ է ստանում, ապա նա ՀՀ Նախագահի նույնիսկ թեկնածու չի կարող առաջարկել՝ պահանջվում է ընտրիչների ժողովի 2/5-ը։ Իսկ ընդդիմության համար սա նշանակում է. եթե նա ԱԺ ընտրություններում ձայների 40%-ը (4/5-ը) չի ստացել, նա Նախագահի թեկնածու չի առաջադրում։ Եվ այսպես, ՀՀ Նախագահին փաստացի նշանակում է ՀՀԿ վերնախավը, ինքն էլ կարող է նրան հանել։

Էսսե նո. 2. «Նոր Սահմանադրությունը եւ պառլամենտարիզմը»

Ընդհանրապես պառլամենտարիզմը կապված է հետեւյալ հիմնարար սկզբունքների հետ։

1. Պառլամենտական հանրապետությունում գործադիրը պետք է միայն օժտված լինի կիրառական ակտերի գործառույթով, իսկ ենթաօրենսդրական ակտերը մեծ մասամբ դառնան օրենքներ կամ էլ ընդունվեն ԱԺ հանձնաժողովների հետ համատեղ (ստորագրվեն ԱԺ նախագահի եւ վարչապետի, կամ ԱԺ հանձնաժողովի նախագահների-փոխնախագահների եւ կառավարության անդամ նախարարի կողմից)։ Այս դեպքում սակայն ԱԺ օրենսդրական կարողությունը պետք է ավելանա 7-8 անգամ՝ 200-250 օրենքի փոխարեն 1400-2000։ Մինչդեռ ԱԺ ներքին բարեփոխում չի նախատեսվում, աշխատանքների ծավալների ավելացում նույնպես։ Նույնիսկ հանձնաժողովների քանակն է նույնը (12 շուրջ 30-ի փոխարեն)։

2. ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների փոխարեն պետք է լինեն համանախագահներ. մեկը դիմությունից, մյուսը՝ ընդդիմությունից։ Սա էլ չկա։

3. Պատգամավորը ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Բայց ԱԺ կանոնակարգն այնպիսին է, որ ներկայումս ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում այդ իրավունքից օգտվել։ Ըստ կանոնակարգի օրենքը ներկայացվում է հանձնաժողովների նիստում, կառավարության կարծիքով եւ ոչ դրական եզրակացության պարագայում հանձնաժողովները (բոլորում հանրապետականները “կայուն” մեծամասնություն ունեն) նստաշրջան չեն մտցնում։ Հիմա, ի՞նչպես կարող է ընդդիմադիր պատգամավորն օգտվել իր օրենսդրական նախաձեռնությունից։ Հայաստանում՝ ոչ մի կերպ։ Արտասահմանում այսպես է. երբ այդ պատգամավորը պնդում է, օրենքի նախագիծն անպայման նստաշրջան է մտնում։ Սահմանադրության նախագծում այս խնդիրը լուծված չէ։ Նորից օրենքը կասեցնելու է սահմանադրական նորմը։

4. Գ.Հարությունյանն ու սահմանադրական “բարեփոխումների” հանձնաժողովի անդամները, ՀՀԿ-ական գործիչները, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ասում են. նոր Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին սիմվոլիկ դերակատարում է նախատեսված։ Ստում են։ Այդպես չէ։ Ահա գործող Սահմանադրության մեջ եւ նորի նախագծում ՀՀ Նախագահի լիազորությունների վիճակագրությունը։ Հին Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին լիազորությունների հատկացված է 12 հոդված, նորում՝22։ Գործող Նախագահն ունի 18 հիմնական լիազորություն, նորը կունենա 17։ Ի դեպ, Գերմանիայի սահմանադրությամբ ֆեդերալ նախագահի մասին կա սոսկ 8 հոդված, ընդամենը 5 լիազորությամբ։ Նրա մասին Սահմանադրության մեջ 1.7 էջ է գրված, մեր նոր սահմանադրության նախագծում Նախագահի մասին 7 էջ է գրված։ Այսպիսով, իրականում ունենք բացարձակապես կամ գրեթե բացարձակապես նույն նախագահը, ծավալուն լիազորություններով։ Միայն թե այդպիսի լիազորություններով մարդուն նշանակում է ինչ-որ ընտրիչների ժողով՝ իշխող կուսակցության որոշումով։ Ժողովրդին զրկում են այդպիսի կարեւոր մարդուն, ինքիշխանության հստակ գործառույթներով, ընտրելու իրավունքից։ Բայց չ՞է որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։

5. Նոր սահմանադրությամբ Նախագահը կարողանում է բլոկ անել Վարչապետին եւ ԱԺ-ին, ԱԺ-ն բլոկ է անում Վարչապետին ու Նախագահին, Վարչապետը բլոկ է անում Նախագահի եւ ԱԺ-ն։ Իսկ նա ով իշխող կուսակցության ղեկավարն է՝որոշում է, ով ում բլոկ անի։

Ահա այսպիսի պառլեմենտարիզմ։ Դրա համար ենք ասում. նոր Սահմանադրությամբ Հայաստանը դադարում է հանրապետություն լինելուց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ