News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին: Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սահմանադրությունը հանդիսանալով պետության մայր օրենքը եւ սահմանելով պետական եւ քաղաքական կառավարման համակարգերի կառուցվածքը, պետք է ծառայի քաղաքացիների շահերին` երաշխավորելով ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարության ապահովումն ու զարգացումը, իշխանությունների տարանջատումը, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, քաղաքական եւ տնտեսական ազատ մրցակցության ապահովումը։

Պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենեւին չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման եւ վերոնշյալ սկզբունքների իրացման մեկնակետից:

Գաղտնիք չէ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության համար խորհրդարանական կառավարման համակարգին եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը եղել է նախընտրական ծրագրի մի մաս, սակայն խորհրդարանական կառավարման այն տարբերակը, որն առաջարկվում է ներկայացված նախագծում չափազանց հեռու է այն խորհրդարանական կառավարման համակարգերից, որոնք հաջողությամբ գործում են զարգացած ժողովրդավարական երկրներում եւ ծառայում են ի շահ այդ պետությունների քաղաքացիների: Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագիծն Ազատ դեմոկրատներ կուսակցության համար անընդունելի է եւ հեռու է ժողովրդավարական համարվելուց:

Հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած մի քանի ակնհայտ անընդունելի դրույթների.

1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի 89.3 եւ 89.4 հոդվածներում խոսվում է կայուն խորհրդարանական մեծամասնության եւ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին: Այս դրույթները, մեր գնահատմամբ, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, քանզի քաղաքացին իր ընտրական իրավունքի իրացման միջոցով պետք է հնարավորություն ունենա համաչափ ազդեցություն ունենալ իշխանության ձեւավորման եւ քաղաքական որոշումների կայացման վրա։ Իսկ այս դրույթներով, փաստացիորեն, կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու պատրվակով ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում, որի արդյունքում փոքրամասնությունից արհեստականորեն բացարձակ մեծամասնություն է ձեւավորվում։ Այդ դեպքում խորհրդարանում ուժերի բաշխվածությունը դառնում է ոչ արդարացի եւ չի արտահայտում ընտրողների տված վստահության քվեների իրական պատկերը: Այդ կերպ ձեւավորված խորհրդարանը չի կարող հանդիսանալ ներկայացուցչական մարմին։ Փաստացի փոքրամասնությունը օրենքի ուժով ձեւավորում է կառավարություն եւ իրացնում մեծամասնության գործառույթները, ինչն էլ կհանգեցնի քաղաքական ակնհայտ անկայունության։

2. Նախագծի 104-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է ԱԺ նախագահի եւ նրա տեղակալների ընտրության կարգը, սակայն հստակ չէ ԱԺ նախագահի լիազորությունների դադարեցման կարգը, ինչն անընդունելի է, քանզի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով ԱԺ նախագահին առավել մեծ ազդեցություն եւ լծակներ են տրվում՝ առանց որեւէ պատասխանատվության հանձնառման եւ հետկանչի կամ այդ լիազորությունների դադրեցման մեխանիզմի:

Ընդհանրապես վերոնշյալ խնդրի վերաբերյալ հարկ ենք համարում շեշտել, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով մեկ անգամից ավել ընտրվելու վերաբերյալ սահմանափակումներ կան միայն ՀՀ Նախագահի վերաբերյալ /հոդված 124, մաս 3/, Վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի վերաբերյալ նման սահմանափակում չկա, ինչը, մեր դիտարկմամբ, սխալ մոտեցում է եւ Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվի, որ նույն անձը չի կարող երկու անգամից ավել ընտրվել ՀՀ վարչապետ կամ ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում նման սահմանափակման բացակայությունը բերում է քաղաքական դաշտի լճացման։

3. Սահմանադրության փոփոխությունների նածագծով նախատեսված այն դրույթը, համաձայն որի սահմանադրության հոդվածները/բացառությամբ 201-ի 1-ին մասում ամրագրված մի քանի հոդվածների/ կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ/Հոդված 201 մաս 2-րդ/ համարում ենք չափազանց վտանգավոր , քանզի այս կերպ Սահմանադրությունը կարող դառնալ տվյալ պահին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ձեռքի խաղալիքը եւ ցանկացած պահի նրանք կարող են Սահմանադրության մեջ իրականացնել ցանկացած փոփոխության առանց դա հանրաքվեի դնելու եւ ՀՀ քաղաքացիների ձայնն ու դիրքորոշումը հարցնելու, ինչը իրավիճակային եւ ոչ ցանկալի լուծումների կարող է հանգեցնել:

4. ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ակնհայտ վտանգ սպառնացող հոդված ենք համարում նախագծի 204 հոդվածը, որով առաջարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծել հանրաքվեով: Նմանատիպ ձեւակերպումները պետականորեն հաստատված տարածք, անկախություն եւ ինքնիշխանություն ունեցող պետության Սահմանադրությունում ներառելն ուղղակի անթույլատրելի է, եւ հղի է հետագա վտանգներով:

5. Սահմանադրության նախագծի 47 հոդվածի 2–րդ մասով ամրագրված սահմանափակումները, համաձայն որի ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել վերջին 5 տարում ՀՀ–ում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք, անընդունելի են, քանզի առաջին հերթին այս սահմանափակումը չի հստակեցնում, թե ինչ է նշանակում մշտապես բնակություն եզրույթը եւ երկրորդ` այս արգելքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի այն որոշմանը` համաձայն որի չի կարելի սահմանափակել մարդու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը ծննդավայրի կամ բնակության վայրի վերաբերյալ խտրական եւ չհիմնավորված պահանջներով: Մեր գնահատմամբ, այս դրույթը լուրջ խոչընդոտ է ՀՀ քաղաքացիների կրթության, բժշկության եւ այլ իրավունքների իրացմանը ՀՀ սահմաններից դուրս:

6. Լուրջ սահմանափակում ենք համարում Ազգային ժողովում նոր խմբակցություններ ձեւավորելու արգելքի մասին դրույթը/ Հոդված 105 մաս 2/, որի կիրառումը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում, քանզի նախագծով մեծամասնության նշանակած վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ/Հոդված 115/: Փաստացիորեն, հստակեցված չեն օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ հակակշիռների եւ վերահսկողության մեխանիզմները:

7. Դատական իշխանության ձեւավորման մեջ չափազանց մեծ է Ազգային ժողովի դերակատարությունը, ինչն էլ մեծապես կասկածի տակ է դնում համակարգի անկախությունը: Մեր դիտարկմամբ, պետք է նվազեցնել ԱԺ-ի միջամտությունը դատավորների նշանակման եւ ազատման գործընթացում:

Բացի վերոնշյալ դրույթներից սահմանադրական փոփոխությունների նախագծում կան մի շարք բացեր եւ խութեր, որոնք մասնավորապես վերաբերում են ազգային անվտանգության համակարգին, մարդու իրավունքների ոլորտին։ Չի ապահովվում նաեւ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների տարանջատումը, հետեւաբար` վերանում է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը: Հաշվի առնելով վերոնշյալ դրույթները` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ