News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի երկխոսությունը եւ բազմոլորտ համագործակցությունը: Այս մասին ասված է Չինաստանի ազգային տոնի առթիվ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Չինաստանը կշարունակի ամենատարբեր ոլորտներում արձանագրել նորանոր հաջողություններ՝ պահպանելով հաստատուն առաջընթացի եւ վերելքի ուղին:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի երկխոսությունը եւ բազմոլորտ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարվա մարտին Ձեր հրավերով Չինաստան կատարած իմ պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նախանշված ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես նաեւ այցին հաջորդած մի շարք բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակ եւ բովանդակություն կհաղորդեն մեր հարաբերություններին:

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բոլոր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված հաստատուն աճը պահպանելու եւ խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ միասին, մեծարգո պարոն նախագահ, ակտիվ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների եւ երկրների:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն եւ բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ