Կոլումբիայի իշխանությունները հայտնել են երկրի ամենահայտնի նարկոբարոններից մեկի մահվան մասին:
Ինչպես շաբաթ հայտնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը, թմրադեղերի առեւտրով զբաղվող Վիկտոր Նավարոն, ով հայտնի է նաեւ Մեգատեո անունով, զոհվել է կառավարական ՌՕՈւ կողմից նրա բազաներից մեկի ռմբակոծության ժամանակ:
Նավարոն նաեւ երկրի Ազգային ազատագրման բանակի մնացորդների առաջնորդն է: Այդ բանակը ստեղծվել է Կոլումբիայի մարքսիստ-լենինյան կուսակցության կողմից 1967 թ.: ԱՄՆ-ը հինգ միլիոն դոլարի պարգեւատրում էր խոստացել Նավարոյին բռնելու համար, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ազգային ազատագրման բանակն ինքնալուծարվել էր 16 տարի առաջ, սակայն համարվում էր, որ մի խումբ մարդիկ ՝ Նավարոյի ղեկավարությամբ շարունակում էին պայքարը, միաժամանակ զբաղվելով նաեւ թմրադեղերի առեւտրով:
Մոտավորապես մեկ տարի առաջ Նավարոն հարցազրույց էր տվել, որտեղ խոստովանել էր, որ «հարկեր է հավաքում կոկաինի առեւտրից» որպեսզի «ֆինանսավորի պատերազմը»:
Բացի դրանից նա նշանավորվել էր զենքի տեսքով ոսկերչական արտադրանքների հավաքածուով ու երիտասարդ սիրուհիներին իր դեմքի պատկերով դաջվածք անելով:
Կոլումբիացի մեկ այլ հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը, որը սպանվել է 1993 թ., փառավորվել էր նրանով, որ իր կալվածքում գազանանոց էր պահում՝ առյուծներով ու գետաձիերով: