News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանը նույնպես մտադիր է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ հիմքում ունենալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նպատակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի: Խոսելով միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վերաբերյալ՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը եւ անհրաժեշտ համարել դրանց ակտիվացումը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ղրղզստանի օրենսդիր մարմինների համագործակցությանը, մասնավորապես խոսել է ԵՏՄ անդամակցությունից եւ անհրաժեշտ համարել օրենսդրական լուծումներ պահանջող հարցերում լինել միասնական:

Գալուստ Սահակյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա փաստել է, որ Ղրղզստանն ու Հայաստանը եղբայրական պետություններ են եւ ընդգծել երկկողմ ու բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ասիլբեկ Ժեենբեկովը, խոսելով նաեւ Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, նշել է, որ Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի հանրաքվեի ընթացքում: Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու՝ Հայաստանի փորձը: Նա տեղեկացրել է, որ Ղրղզստանը նույնպես մտադիր է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ հիմքում ունենալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նպատակ:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել  են նաեւ Ասիլբեկ Ժեենբեկովի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մանրամասներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ