News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Գյումրիում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննությունը:
Գործը գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի իրավասության ներքո: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։ Նիստը սակայն, տեղի է ունենում ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում: Ամբաստանյալ Վալերի Պերմյակովն ունի թարգմանիչ եւ փաստաբան:

Դատական նիստի դահլիճում են Ավետիսյանների հարազատներն ու տուժածների իրավահաջորդները:

Նիստից առաջ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, կրկին հայտարարել է, որ չի հավատում, որ Պերմյակովը գործել է միայնակ: Նա նաեւ վրդովմունք է հայտնել, որ դատավարությունն ընթանում է ռուսական ռազմակայանի տարածքում: Բանն այն է, որ դատաքննության մեկնարկին պարզվել է, որ Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները չեն կարողացել մուտք գործել դահլիճ, ինչն առաջ է բերել հարազատների զայրույթը: Ավետիսյանների հարազատներից մի քանիսը վրդովված դուրս են եկել դահլիճից: 

«Ինչո՞ւ պետք է փաստաբանների մեքենան չթողնեն առաջ գա, ինչո՞ւ պետք է փաստաբանները մինչեւ այստեղ ոտքով գան: Իբր շատ օրենքից իրենք հասկացող են, օրենք պաշտպանող ժողովուրդ են: Փաստաբանները եթե չմասնակցեցին, մենք էլ չենք մասնակցելու, էս դատը չի կայանա: Ինչի՞ համար չեն թողնում, որտե՞ղ է ձեր վարչության պետը»,- դատարանի դիմաց իհայտարարել է Ռիտա Պետրոսյանն ու մտել նիստերի դահլիճ:

Ավելի ուշ փաստաբանները կարողացել են մուտք գործել նիստերի դահլիճ, բայց հետո պարզվել է, որ նույնիսկ աթոռներ չկան նրանց համար: Նրանց համար աթոռներ են բերել: Փաստաբանները պահանջել են նորմալ պայմաններ ապահովել իրենց աշխատանքի համար, որից հետո տասը րոպե ընդմիջում է հայտարարվել:

Նշենք, որ այս տարվա հունվարի 12-ին Պերմյակովն իրեն ամրակցված ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտով եւ 689 համարի սվին դանակով իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը եւ հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում: Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու եւ ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա, Հասմիկ, Սերյոժա, Արմեն Ավետիսյաններին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

Այնուհետեւ մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող երեխայի մարմնի կենսական կարեւոր օրգաններին, թեեւ ուներ երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ եւ երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ։ Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:

Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302ե, «NOKIA 6300», «NOKIA 7260ե տեսակի բջջային հեռախոսներ, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար եւ դեպքի վայրից հեռացել:

Այնուհետեւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված։

Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը: Նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ