Իրաքի Նավթի նախարարության ներկայացուցիչ Ասեմ Ջիհադը Դոհայում նավթ արդյունահանողների հանդիպումը լավ քայլ է համարել, չնայած նրա մասնակիցները չեն կարողացել փոխհամաձայնության հասնել նավթի արդյունահանման սառեցման վերաբերյալ:
«Չեմ կարծում, թե Դոհայում հանդիպման ձախողումը կարելի է ավարտ համարել, ավելի շուտ կարելի է այն լավ սկիզբ համարել: Չէ որ դա ՕՊԵԿ-ի անդամ եւ կազմակերպությանը չանդամակցող երկրների առաջին հանդիպումն էր: Գուցե պետք լինի կրկնել նման հանդիպումների փորձերը փոխըմբռնման հասնելու համար», — Sputnik գործակալությանը հայտնել է Ջիհադը:
Նավթ արդյունահանող երկրները կիրակի Դոհայի հանդիպման ավարտին չեն կարողացել համաձայնության գալ նավթի մակարդակի սառեցման վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները պատմել են, որ ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիան, անսպասելիորեն սկսել են պնդել, որ համաձայնությանը մասնակիցների ավելի մեծ շրջանակ մասնակցի, առնվազն` ՕՊԵԿ-ի բոլոր անդամները: