Առաջնագծում այսօր իրավիճակը լարված է եւ ցանկացած ժամանակ ցանկացած գործողություններ կարող են լինել: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք համապատասխան վերլուծություններ ենք կատարում, որոնք բանակի առջեւ դրված խնդիրների շրջանակում են: Մենք հակառակորդի ուժերի գնահատման շրջանակում հետեւություններ ենք անում հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթի եւ այլ խնդիրների շրջանակում: Հայկական բանակը, հանձինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի, այսօր իր առջեւ դրված խնդիրները կատարում է բարձր մակարդակով, պատրաստ է պաշտպանողական եւ այլ խնդիրների իրականացմանը»,- ասաց նա՝ նշելով, որ առայժմ ժամանակավոր հրադադար է:
Սեյրան Օհանյանը նշեց, որ տեղյակ չէ հինգշաբթի Կառավարությունում քննարկվելիք՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծից եւ հավելեց. «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»:
Հարցին, թե Ռուսաստանի հետ կնքած պայմանագրով նախատեսված զենքը երբ է տրվելու Հայաստանին, նախարարը պատասխանեց, որ համապատասան աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ. «Աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության տեմպերի արագացման ուղղությամբ»: