ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել երկարաձգել Աֆղանստանում դաշինքի առաքելությունը 2016-ից հետո։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր որոշել են 2016-ից հետո երկարաձգել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Աֆղանստանի ազգային ուժերը խիզախություն, պրոֆեսիոնալիզմ եւ վճռականություն են ցուցաբերում, սակայն Աֆղանստանը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների։ Այդ պատճառով առաքելությունը երկարաձգվի»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հաստատել է, որ դաշինքի երկրները մտադիր են ֆինանսավորել Աֆղանստանի բանակը մինչեւ առնվազն 2020 թվականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։