Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիում Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կրթահամալիր այցելությունից հետո բակում կրթահամալիրի աշխատակիցներից մեկը խնդրել է ստորագրել իր «բեյջի» վրա:
Կրթահամալիրի աշխատակից Գայանե Ավոյանը երջանկությունից շողացող դեմքով ցույց էր տալիս իր բեյջն ու կատակով հարցնում. «Ինչքան «լայք» պիտի ստանամ սրա համար»:
Նշենք, որ «Տիրամայր Հայաստանի» կրթահամալիր այցելության ժամանակ Հռոմի Պապը ճաշել է նրանց հետ: Այցի ավարտին Սրբազան քահանայապետի լուսանկարվել է երեխաների, բարեգործների եւ Կենտրոնի նախկին սաների հետ, որոնք հանդիպման էին եկել իրենց զավակների հետ:
Կրթահամալիրի շինարարությունն սկսվել է 1996-ին, իսկ 2 տարի անց տեղի է ունեցել պաշտոնական բացումը: Կառույցն ամբողջությամբ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի նվերն է:
Կրթահամալիրի նպատակն է հավաքել թափառող, ծնողազուրկ, նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին եւ ապահովել խնամք:
Այսօր Կենտրոնն ունի 37 երեխա, որոնք գրեթե բոլորն էլ գիշերօթիկ են: Կենտրոնում դասավանդվում են կրոն, երգ, հայկական ժողովրդական պար, լեզուներ, համակարգիչ, վոկալ, ջութակ, դաշնամուր եւ այլն: Կենտրոնի նպատակն է երեխաներին տալ կրթություն: Կրթական հարցում մեծ դեր ունեն քույրերը, որոնց երեխաները համարում են երկրորդ մայր: