News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժնեւում հունիսի 29-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Դամին եւ նրա հետ քննարկել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցը:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ:

Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի դեմ պայքարի գործում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի դերին առնչվող հարցը: Կարեւորվել են մոնիտորինգային այցերը քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաեւ ազատությունից զրկման այլ վայրեր:

Հանդիպման ընթացքում ընգծվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվության միջոցների հետ համագործակցության, նրանց գործունեությունը խթանելու կարեւորությունը: 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, մասնավորապես՝ միասնական օրենսդրության ընդունման, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:

Կողմերը պայմանավորվել են այսուհետ իրականացնել ակտիվ համագործակցություն՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ