News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Սոչիում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստին ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթ ունենալով նիստին՝ իր խոսքում նախարար Նալբանդյանը կարեւորեց միջտարածաշրջանային փոխադրումների, տրանսպորտային համակարգերի զարգացումը, ՍԾՏՀԿ օղակաձեւ մայրուղու հիմնական երթուղու երկարաձգումը մինչեւ կազմակերպության բնագավառային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի սահման, բեռնային եւ ուղեւորատար լաստանավային փոխադրումների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ հայ մասնագետներն իրենց ներդրումն են ունեցել դեպի միջազգային շուկաներ ՍԾՏՀԿ փոքր եւ միջին ձեռնարկությունների դուրս գալու համար ուղիների մշակման, համացանցի միջոցով առեւտրի եւ առեւտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման հարցերում:

«Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկների միջեւ «Դեղամիջոցների որակի երաշխիքի ոլորտում համագործակցության հուշագրի» ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել հասնել կոնսենսուսի «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի» նախագծի շուրջ:

Հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջեւ համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին:

Հայաստանը հանդես է գալիս նաեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին», - շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ ասոցացված կազմակերպությունների, դիտորդների եւ ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։

Իհարկե, այդ փոխգործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության եւ այլ հիմնարար փաստաթղթերին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ