News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով։ Այս մասին Վարշավայում «Ազատությանն» ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։

 «Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները։ Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան:

Ափաթուրայի խոսքով՝ ՆԱՏՕ–ում հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Երկուսն էլ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներ են, մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից։ Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», - ասել է Ափաթուրայը։

ՆԱՏՕ–ի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ այժմ իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Լեհաստան՝ մասնակցելու Աֆղանստանի հարցերով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակում քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Նախատեսվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ