Ինջիրլիք բազայի զինվորականները կապ են ունեցել Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ: Այդ մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «մաքրել» զինվորական շրջանակները Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցությունից: «Այդ զտումից հետո մեր զինվորականներն ավելի ուժեղ կդառնան, ավելի լավ կապահովեն ՆԱՏՕ-ի հետ համակարգումն ու աջակցությունը»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ Ինջիրլիք բազայում զինվորականները ներգրավված են եղել հեղաշրջման գործում, եւ արդեն կալանավորվածներ կան: «Այն բանից հետո, երբ մենք ավարտենք այդ գործողությունները, մենք կշարունակենք ԻՊ-ի դեմ մեր պայքարը», - ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը հստակ հասկացնել է տվել, որ հեղաշրջման հետեւում կանգնած է Գյուլենը, սակայն արտահանձնման անմիջական խնդրանք չի հնչեցրել: