Եվրամիությունը հետեւում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը՝ կապված արտակարգ դրություն սահմանելու հետ: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ եվրահանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունում: Դրա համաձայն՝ ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը:
«Արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է վերջերս կայացված անընդունելի որոշումների ֆոնին, որոնք վերաբերում են կրթության, արդարադատության ոլորտներին եւ զանգվածային լրատվամիջոցներին: ԵՄ Խորհրդի եզրահանգումների եւ Եվրահանձնաժողովում քննարկումների արդյունքում՝ մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում ցանկացած դեպքում հետեւել օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին՝ ներառյալ արդար դատավարության իրավունքը:
Արտակարգ դրության սահմանումը գործադիր իշխանությանը լայն իրավասություններ է տալիս: Թուրքիայի Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ մարդու հիմնարար իրավունքներն անձեռնմխելի են նույնիսկ արտակարգ դրության պայմաններում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց որ այդ միջոցը որեւէ կերպ չի ազդի ժողովրդավարության, օրենքի գերակայության կամ հիմնարար ազատությունների վրա: Մենք իսկապես ակնկալում ենք, որ դրանք լիարժեք կպահպանվեն, եւ որ իշխանությունները զսպվածություն կցուցաբերեն:
ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետեւել իրադրության զարգացումներին, այդ թվում՝ արտակարգ դրության գործնական հետեւանքներին: Ակնկալում ենք, որ խորհրդարանն ու երկրի ժողովրդավարական ինստիտուտներում ներկայացված բոլոր ուժերը լիարժեքորեն կիրականացնեն իրենց սահմանադրական առաքելությունը»: