News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերջերս  Ռուսաստանը եւ Հայաստանը հայտարարեցին միացյալ զորախմբի ստեղծման մասին, որի շրջանակներում ստորագրվելու է համաձայնագիր: Ինչպիսի՞ն կլինեն դրա հետևանքները։

Շատ առումներով դա տասնամյակների ընթացքում անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների խորացման հետեւանքն է կամ արդյունքը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դա սխալ է. հայկական զորամիավորումները ցանկացած օտարերկրյա հրամանատարությանը հանձնելը տեսականորեն անընդունելի է: Ընդ որում, սա թվում է, թե ավելի տեսական բնույթ է կրում ճգնաժամի, նույնիսկ Հայաստանից դուրս զորավարժությունների ժամանակներում: Այնպես որ, դա այնքան էլ լուրջ չէ, ոչ էլ խոշոր ձեռքբերում է։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ դա իմաստուն քայլ է: Այլ կերպ ասած, ռուս զինվորականների հետ նույնանալը չի ենթադրում հավասար հարաբերություն, եւ դա այլ կերպ չէր էլ կարող լինել ռուսական հրամանատարության ներքո, ինչը կարծում եմ գործնականում եւ սկզբունքորեն չի կարող լավ լինել հայկական զինված ուժերի համար:

Այսպիսով այս համաձայնագիրը այնքա՞ն էլ վտանգավոր չէ Հայաստանի համար։

Պարտադիր չէ: Այլ կերպ ասած, թեեւ դա սխալ է սկզբունքորեն, գործնական առումով դա ոչ մի սպառնալիք կամ մարտահրավեր իրենից չի ներկայացնում: Սակայն, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամը, որտեղ Ռուսաստանից անվտանգության երաշխիքները նվազ վստահելի են, նաեւ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնելու անհրաժեշտությունը, ես կարծում եմ, որ դա սխալ է:

Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի գործունեությունը տարածաշրջանում վերջին ամիսներին:

Ապրիլ ամսից, երբ Լեռնային Ղարաբաղում բռնկվեց ամենալուրջ ռազմական գործողությունը զինադադար հաստատելուց ի վեր, հիմնականում հենց Ռուսաստանի նախաձեռնած դիվանագիտական ջանքերի շնորհիվ հաջողվեց Մինսկի խմբի շրջանակում հասնելու նրան, որ կողմերը համաձայնեն դադարեցնել կրակը, բայց դա հրադադար չէ: Այնուամենայնիվ, կարեւոր է նշել, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակում է աշխատել Արեւմուտքի հետ և ոչ թե Արեւմոտքի դեմ: Բայց կարծում եմ, որ ավելի լայն առումով հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են խոր ճգնաժամի մեջ, հաշվի առնելով հավասարակշռության պակասը, անհամաչափությունը, հարգանքի պակասը, այն, որ Ռուսաստանը Հայաստանին ընկալում է որպես երկիր, որին իր ազդեցության տակ պահելու համար հարկավոր չէ ջանքեր գործադրել, սա նոր եւ լուրջ զարգացում է: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը խորացնում է իր ռազմական կապերը եւ համագործակցությունը միայն Ադրբեջանի հետ, ինչն ուղղակի սպառնալիք է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը:

Ի՞նչ կասեք Ռուսաստանի ակտիվության մասին Հարավային Կովկասի այլ երկրների հետ՝ Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում:

Ռազմավարական առումով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը, ըստ էության, մեղմացնում են ճգնաժամի պայմաններում Հայաստանի մարտահրավերներից մեկը, որը երկու կողմերի արանքում հայտնվելու վտանգն էր: Բացի այդ, Ռուսաստանը հիմա օգտագործում է Իրանը որպես ռազմական բազա Սիրիայում իր գործողությունների համար, և դա նույնպես նվազեցնում է Հայաստանի կարեւորությունը, քանի որ մինչեւ այդ Ռուսաստանը Հայաստանին էր դիտարկում որպես պոտենցիալ հարթակ կամ բազա: Սա նաև նշանակում է, որ առավել մեծ համապատկերում Հայաստանը կարող է կրկնել պատմության սխալներն ու շատ ավելի մեծ տերությունների, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մրցակցային բախումների զոհ դառնալ: Մյուս դասը պատմությունից այն է, որ երբ Ռուսաստանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են, մենք միշտ տուժում ենք: Այնպես որ վտանգն իսկապես առկա է։

Ի՞նչ նոր տարածաշրջանային փոփոխությունների միտումներ եք կանխատեսում Հարավային Կովկասում:

Իրանը կրկին ներգրավվում է տարածաշրջանային գործընթացներին, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Իրական մարտահրավերն այստեղ այն է, թե Ռուսաստանը որքանով Հայաստանին թույլ կտա խորացնել իր հարաբերությունները Իրանի հետ: Բացի այդ, հետաքրքիր է, որ հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Թուրքիան շատ ավելի թույլ դիրքեր ունի այսօր, եւ ընդհանրապես տարածաշրջանային համատեքստում Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ են։  Չնայած բացասական միտումներին, Հայաստանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ ավելի կայուն եւ կանխատեսելի պետություն է տարածաշրջանում, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի, եւ նույնիսկ Վրաստանի մասին:

Ինչո՞վ կբացատրեք ԱՄՆ պասիվ ներգրավվածությունը տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Արդյոք դա պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններով:

Դա ավելի խոր միտում է. Միացյալ Նահանգները արդեն երկար ժամանակ է ակտիվություն չի ցուցաբերում այս տարածաշրջանում եւ նույնիսկ ավելի լայն տարածաշրջանում: Այս պահին դա հասկանալի է, բայց մենք Արեւմուտքի ներգրավվածության առումով մենք պետք է ձգտենք ոչ թե դեպի ԱՄՆ, այլ ԵՄ՝ հատկապես ԵՄ-ի հետ Հայաստանի խորացող հարաբերությունները հաշվի առնելով։ Այսպիսոս Հայաստանը կխուսափի այս տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև մրցակցությունն էլ ավելի մեծացնելուց, եւ այս առումով Հայաստանը շատ ավելի խելացի է, քան, ասենք Վրաստանը, քանի որ բացառում է ՆԱՏՕ-ին կամ նույնիսկ ԵՄ-ին անդամակցելը՝ խուսափելով Մոսկվային անտեղի գործողությունների դրդելուց։  Այնուամենայնիվ, այսօր Հայաստանի համար գլոբալ մարտահրավերը ներքին խնդիրներն են, որոնք գնալով խորանում են եւ շատ ավելի կարեւոր են, քան արտաքին  մարտահրավերները։

Վերջին օրերին տեղի ունեցած բարձրաստիճան հանդիպումներից հետո որեւէ առաջընթաց կա՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

Ակնհայտ է, որ ոչ, չկա առաջընթաց: Սակայն վտանգը փոքր–ինչ նվազել է: Այլ կերպ ասած, տարբերությունն այն է, որ ներկայիս նոր համատեքստում, Հայաստանը շատ ուշ հասկացավ անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ իր հարաբերությունների սահմանները, ինքնաբավության անհրաժեշտությունը եւ այն փաստը, որ Հայաստանը միայնակ է իր անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորելու հարցում: Սա լավ, կարեւոր գիտակցում է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջինը հանդիպեց Իրանի նախագահին եւ նախագահ Ալիեւին, ապա նախագահ Էրդողանին եւ վերջում միայն՝ նախագահ Սարգսյանին: Սա ամրապնդեց Հայաստանում ձեւավորված նոր քաղաքականությունը՝ չհանձնվել Ռուսաստանին ինքնաբերաբար եւ մի քիչ ավելի համառորեն պայքարել Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու համար:

Որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ինչպիսի՞ դիվանագիտություն է վարում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ռուսաստանն անում է այն, ինչ բխում է Ռուսաստանի ազգային շահերից: Դա չպետք է զարմացնի: Ռուսաստանը Ադրբեջանի համար մեկ սպառազինությունների մատակարարն է։  Այն ավելի ու ավելի ադրբեջանամետ է դառնում՝ ճնշում գործադրելով Հայաստանի նկատմամբ տարածքների վերադարձի առումով: Հետեւաբար, հարաբերությունները անվտանգության ոլորտում, գերկախվածությունը Ռուսաստանից ամենահրատապ լուծում պահանջղ խնդիրներն են Հայաստանի համար։

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով: Ինչպե՞ս կարող է Թուրքիայի ներգրավումը դիտարկվել Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շրջանակներում:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո մենք տեսնում ենք, որ Թուրքիան շատ ավելի թույլ դիրքերում է, չափազանց շեղված իր սեփական ներքին խնդիրների վրա, եւ ավելի քիչ է համապատասխանում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ներգրավվելու համար։ Սա, ըստ էության, մեզ ձեռնտու է։ Թուրքիան կարող է շահագրգռված լինել, որ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն նա ֆունդամենտալ թույլ դիրքում է՝ տարածաշրջանում նորից ակտիվ մասնակցություն ունենալու համար: Առաջին հերթին այն պատճառով, որ փոքր եղբայրը՝ Ադրբեջանը, շատ ավելի մեծ ներուժ ունի՝  սահմանափակելու թուրքական գործունեությունը: Ի դեպ, Թուրքիայում այդ առումով դժգոհություններ կան: Ավելին, Թուրքիան արդեն ընկալվում է ոչ միայն որպես կողմնակալ երկիր Ադրբեջանին իր աջակցության առումով, այլեւ նվազ վստահելի դաշնակից նույնիսկ ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի համար: Այնպես որ, սա Թուրքիայի առջեւ դռներ չի բացում։  Մենք պետք է ակնկալենք ռուսական ներգրավվածության մեծացում եւ թուրքական ներգրավվածության նվազում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ