Ռուսաստանում Հյուսիսային Օսիայի տարածքում վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող ավտոբուսի սեփականատեր 62-ամյա Կարեն (Յուրա) Պողոսյանը երկար տարիներ վարորդ է աշխատում եւ Մոսկվա-Երեւան ուղերթներ է իրականացնում:
Նրա ընկերները NEWS.am-ին հայտնեցին, որ վթարի ենթարկված ավտոբուսը Կարեն Պողոսյանի (նրան մտերիմները ճանաչում են նաեւ Յուրա անունով) սեփականությունն է:
Նա երկու որդի ունի, որոնք այս պահին արտագնա աշխատանքի են: Կարեն Պողոսյանի որդիները եւս ժամանակ առ ժամանակ օգնում են հորը եւ Ռուսաստան-Հայաստան ուղերթներ են իրականացնում:
Կարեն Պողոսյանը ծնունդով Տավուշի մարզից է, սակայն արդեն 3 տարի է, բնակվում է Երեւանում:
Նշենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը եւ չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը:
Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձեւակերպումը եւ փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում սահմանվում են պատվիրատուի եւ փոխադրողի համաձայնությամբ եւ իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա:
Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղեւորների եւ փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ եւ պայմանագրով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ավտովթարից տուժել է 32 մարդ, մահացել է 5-ը: Տուժածների թվում 4-ը երեխաներ են: Նրանցից մեկի վիճակը ծանր է:
Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ: Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:
Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ կտեղավորեն այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։