2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ ստացել են դրամական օգնություն:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների
Նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ դեկտեմբերի 16-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել ավտոբուսի տուժած ուղեւորներից 31-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է:
«Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղեւորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երեւան, Նալբանդյան 28 հասցեով: Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական վարչություն):
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից:
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետեւանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ եւ նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղեւորին` 100 հազ. Դրամ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: