Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել հրաժարվել Իսրայելի հետ համատեղ ռազմա-ծովային զորավարժություններից՝ երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառով: Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ, զորավարժությունները պետք է անցկացվեին ՆԱՏՕ-ի հովանու ներքո, բայց Թուրքիան հայտարարել է, թե չի մասնակցի, եթե դրանց մասնակցեն իսրայելական զինվորականները:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ Իսրայելը մասնակցելու է Saar ռազմանավով, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ Լիսաբոնի գագաթաժողովից առաջ: Այդ հարցը Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը որոշել է լուծել գագաթաժողովից հետո:
Զորավարժությունները նախատեսված էին օգոստոսին Միջերկրական ծովում Իսրայելի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մասնակցությամբ:
Իսրայելը կարծում է, որ Թուրքիայի հրաժարումը կապված է «Ազատության նավատորմի» միջադեպի հետ: