News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց փոխպատրիարք, արք Արամ Աթեշյանը Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնել:

Firat գործակալության փոխանցմամբ` Պոլսո Հայոց փոխպատրիարքի գլխավորությամբ Դիարբեքիր ժամանած մոտ 30 հայեր դեռեւս վերանորոգման մեջ գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ են անցկացրել: Տարբեր երկրներից ժամանած հայերի մեջ է եղել նաեւ դիարբեքիրցի հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը, ում անունով արդեն փողոց կա Դիարբեքիրում:

Դիարբեքիր ժամանած հայ հյուրերն այցելել են քաղաքապետ Օսման Բայդեմիրին: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Բայդեմիրին է հանձնվել «Տիգրան Մեծ» ոսկե մեդալը:

Շքանշանը մեծ ուրախությամբ ընդունած Օսման Բայդեմիրը նշել է, «Ես շատ զգացված եմ, որ այսօր այսպիսի պահ եմ ապրում եւ ցանկանում եմ կիսվել իմ զգացմունքներով:  Հավատում եմ, որ այս քաղաքը ձերն է, ասորիներին է, մահմեդականներին է եւ քրդերին է: Ցավոք, նախկինում այստեղ ապրած իմ հայ եւ ասորի եղբայրները մեծ ողբերգություն են ապրել: Մենք` այսօրվա սերունդը, այդ օրերի անխղճության հետ առերեսվում ենք եւ դատապարտում դրանք մեր խղճում»,-ասել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Խոսքի վերջում Օսման Բայդեմիրը արք. Աթեշյանին է նվիրել Սուրբ Կիրակոս եկեղեցու պատկերով ապակե հուշանվեր:

Հայ հյուրերն ավելի ուշ այցելել են Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին եւ նրան նույնպես հանձնել  «Տիգրան Մեծ» շքանշան` Սուրում հայկական մշակույթի պահպանման եւ վերականգնման համար:

Աբդուլլահ Դեմիրբաշը քաղաքի մուտքերի տեղադրված ցուցանակներում նաեւ հայերենով է գրել տվել «Բարի գալուստ»-ը, իսկ ամիսներ առաջ նա Դիարբեքիրում հայերեն եւ թուրքերեն տարբերակներով տպագրեց Հովհաննես Թումանյանի «Մի կաթլ մեղր» հեքիաթը:

Նշենք, որ Դիարբեքիրի քաղաքապետը մոտ մեկ ամիս առաջ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե անհրաժեշտ է Դիարբեքիրում եւս Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցել եւ պնդել, որ Թուրքիայի նախագահը պետ է ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ