News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած Լեռնային Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում կարգավորման շուրջ բանակցություններին, ԼՂՀ իշխանությունները «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից: Նման հայտարարություն է արել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, Գեորգի Պետրոսյանը հայտնել է, թե դա ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումների հետեւանքով չէ: «Միջնորդների կարծիքով եռակողմ ձեւաչափով դժվար է բանակցություններ վարել` քանի որ, երեք կողմերը դժվար են պայմանավորվում»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի, պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը` ընդգծելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի որեւէ բանի հնարավոր չէ հասնել:

Անդրադառնալով Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը` Գեորգի Պետրոսյանը նշել է, որ ոչինչ ասել չի կարող, քանի որ «այնտեղ ներկա չի լինի»: Իսկ եթե ընդունվի որոշում, որը ձեռնտու չլինի ղարաբաղյան կողմի համար, ի՞նչ կլինի. այս հարցին էլ ԼՂՀ արտգործնախարարը պատասխանել է. «Մեզ հնարավոր է ոչնչացնել, բայց առանց մեզ որոշում ընդունել չի կարելի: Ուրեմն մեզ պետք է ասեն, որ` պատրաստ են ձեզ ոչնչացնել, բայց այդ մասին պետք է ասեն ուղիղ»:

Գեորգի Պետրոսյանը նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն դա դեռ տեղի չի ունենում, քանի դեռ Ադրբեջանը հրապարակայնորեն մերժում է այդ առաջարկը:

«Լեռնային Ղարաբաղին վերաբերող միջազգային փաստաթղթերում ընդունված է, եւ ասվում է, որ ԼՂՀ-ն հանդիսանում է հակամարտության կողմ: Եւ եթե մենք` հանդիսանալով հակամարտության կողմ, ունեցել ենք հնարավորություն դադարեցնել պատերազմը, եւ ստորագրել դրա տակ, ապա մենք ունենք նաեւ իրավունք կառուցել մեր ապագան, եւ կառուցել խաղաղ ապագա:

Դա է մեր գլխավոր դիրքորոշումը, որը մեր կողմից ներդնում ենք որպես փաստարկ` բանակցային սեղանին»,- ասել է ԱԳ նախարարն ու հավելել. «Բանակցություններին մասնակցելու դեպքում ղարաբաղյան կողմը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին: Եթե պիտի տարածքների վերադարձի մասին խոսեն, ես էլ կխոսեմ Շահումյանի մասին: Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է վերադարձնել Շահումյանը:

Փախստականների՞ց են խոսելու: Ես էլ մեր փախստականներից կխոսեմ: Ես չեմ նստելու եւ արդարանամ, ես խոսելու եմ: Եթե իրենք պատրաստ կլինեն, ապա մենք էլ պատրաստ կլինենք ինչ-որ բանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ