News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի հայազգի թեկնածու Մաքսիմ Վերները, ով արտահայտվել էր, որ սիրում է Թուրքիան ու թուրքական մշակույթը, հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին։

Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերում Ֆրանսիայի քաղաքականությանը, 21-ամյա Մաքսիմ Վերները պատասխանել է, թե իրեն անհանգստացնում է Սարկոզիի հակաթուրքական դիրքորոշումը։ «Ես աջակցում եմ Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցությանը։ Պետք է ավելի լուրջ ընդունել Թուրքիային եւ ավելի շատ հարգել»,-ասել է Վերները։

Անդրադառնալով իր հայկական արմատներին եւ դրանց դերին քաղաքականության մեջ, Մաքսիմ Վերները պատասխանել է, թե ինքը մորական կողմից հայ է, սակայն իրեն նախ ֆրանսիացի է համարում։  Վերները նշել է, թե քաղաքականության մեջ հավաքական հոգին պետք է անհատական պահանջներից առաջ լինի։ «Հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե քաղաքական գործիչներն, այլ՝ երիտասարդներն են կարգավորելու։  Ցավոք, Էրզրումում չեմ եղել, սակայն ամենամոտ ապագայում Թուրքիա եմ գալու։ Ցանկանում եմ պապուս գյուղ այցելել եւ այնտեղ ղադաիֆ ուտել»,-ասել է Մաքսիմ Վերները։

Նշենք, որ ավելի վաղ Մաքսիմ Վերները հարցազրույց էր տվել թուրքական Sabah-ին՝ նշելով, թե ինքը շատ է սիրում Թուրքիան եւ ցանկանում է թուրք երիտասարդներին աշխարհին ծանոթացնել:

Վերների նախընտրական ծրագիրը ներկայացված է «Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք: 89 առաջարկ 2012-ի համար» գրքում:

Վերների առաջարկներից մեկն է մեքենա վարելու իրավունքի անվճար տրամադրումը:

Վերները ցանկանում է դառնալ ֆրանսիական երիտասարդության թեկնածուն, որպեսզի ներկայացնի իր գաղափարները:

Վերների թեկնածությունը սենսացիա է դարձել Ֆրանսիայի համար: Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, թերթային հրապարակումների հերոսն է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ