News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մինչ պետական պաշտոնյաններն ու ընդդիմադիրները կվիճարկեն, թե որքանո՞վ է Forbes-ի Հայաստանին շնորհած աղմկահարույց վարկանիշը համապատասխանում իրականությանը, NEWS.am-ը ամփոփ ներկայացնում է, թե այլ կազմակերպությունների կողմից Հայաստանին ինչ վարկանիշեր են տրված:

Հիշեցնենք, որ Forbes հանդեսի աշխարհի ամենավատագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` Մադագասկարի եւ Գվինեայի արանքում

«Մուդիզ»-ը Հայաստանին շնորհել է «Ba2» սուվերեն վարկանիշը`  «կայուն» հեռանկարով: Սա համարվում է վճարունակության ռիսկի միջին մակարդակ ունեցող երկրի «ոչ ներդրումային մակարդակի»  վարկանիշ: «Մուդիզ»-ում մեր վարկանիշն ավելի բարձր է, քան Վրաստանինը, Ուկրաինայինը, Բելառուսինը եւ Մոլդովայինը, սակայն ավելի ցածր է, քան Ադրբեջանինը:

«Եվրոմանի» (Euromoney) ամսագիրը հրապարակել է երկրների ռիսկայնության վարկանիշները` հաշվի առնելով եւ տնտեսական, եւ քաղաքական ռիսկերը: 100 երկրների շարքում Հայաստանը 2011 թ. մարտի դրությամբ 69-րդ տեղում է: Ըստ այդմ` Հայաստանն ավելի ցածր ռիսկայնություն ունի, քան Ղազախստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Վրաստանը, սակայն ավելի բարձր` քան Մերձբալթյան երկրները կամ Ռուսաստանը: Նշենք նաեւ, որ Հայաստանից ավելի ռիսկային են համարվում Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ (Ռումինիա, Սերբիա, Մակեդոնիա):

Heritage հիմնադրամի տնտեսական ազատության ինդեքսով (հաշվի են առնվում 50 տնտեսական գործոններ) Հայաստանը 2011թ.-ին գնահատվել է որպես ազատականացված բիզնես միջավայր ունեցող երկիր: Մենք 183 երկրների շարքում զբաղեցնում ենք 36-րդ տեղը: Սա Հայաստանին տրվող լավագույն գնահատականներից մեկն է:

Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի  «Կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների 2010 թ. ինդեքս»-ում Հայաստանը միջին դիրքերում է, սակայն գերազանցում է ԱՊՀ բոլոր երկրներին:

Գործարար եւ մասնագիտական շրջանակներում բավական հեղինակավոր է Համաշխարհային տնտեսական համաժողովի մրցունակության զեկույցը: Այստեղ սակայն Հայաստանի ցուցանիշներn այնքան էլ բարձր չեն: Վերջին զեկույցում (2010/11 թ.թ.) Հայաստանը աշխարհի 139 երկրների շարքում մրցունակության աստիճանով զբաղեցնում է 98-րդ տեղը: Զեկույցը կազմվում է տնտեսության 12 հիմնասյուների հիման վրա, որոնք ներառում են մոտ 110 ցուցանիշ: Հայաստանի ցուցանիշները հատկապես վատ են ֆինանսական շուկայի զարգացածության եւ տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Այս վարկանիշով Հայաստանը զիջում է եւ Ադրբեջանին, եւ Վրաստանին, իսկ ԱՊՀ երկրներից առաջ ենք միայն Տաջիկստանից եւ Ղրղըզստանից:

Բավական տարածված է նաեւ Համաշխարհային բանկի doing bussines վարկանիշը: Այստեղ եւս միջին դիրքերում ենք` 183 երկրների շարքում 43-րդ տեղ: Հայաստանը շատ լավ ցուցանիշ ունի սեփականության գրանցում մասով (5-րդ տեղ), սակայն շատ վատ` հարկերի վճարման ենթաինդեքսով (159-րդ տեղ): Այս վարկանիշում Հայաստանը զգալիորեն հետ է Վրաստանից (12-րդ տեղ), եւ առաջ է Ադրբեջանից (54-րդ տեղ): Զարմանալիորեն` Հայաստանից առաջ է նույնիսկ Ղրղըզստանը, թեեւ Ռուսաստանն ու Ուկրաինան բավական հետ են:

Այսպիսով` միջազգային վարկանիշերնով Հայաստանը հիմնականում զբաղեցնում է միջին դիրքեր: Այս առումով` Forbes-ի վարկանիշը բավական ծայրահեղ գնահատական է պարունակում:

 

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ