News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստվում է կառուցել Իրան-Հայաստան 400Կվտ բարձր լարման գիծը, ինչպես նաեւ նույն գծի Հայաստան-Վրաստան շարունակությունը: Այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա Վրաստան է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում:

Նախարարի խոսքով, այդ գծի կառուցումը կսկսվի հաջորդ տարի:

Ըստ Ա. Մովսիսյանի, բարձր լարման այդ գիծը Հայաստանին մի շարք առավելություններ է տալիս, քանի որ, օրինակ, թողունակության առումով մոտ երեք անգամ կմեծանա Հայաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորությունները: Բացի այս, դա հնարավորություն կտա աշխատեցնել երկու երկրների համակարգերը զուգահեռ ռեժիմում եւ առհասարակ` բավականին բարձրացնել Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի հուսալիությունը:

«Այս մասով բավականին մեծ աշխատանք է կատարված եւ նախարարի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքներին նոր տեմպ հաղորդենք եւ մինչեւ հաջորդ տարվա վերջ այս ծրագիրը կյանքի կոչվի»,-հայտարարել է հայ նախարարը:

Մյուս խնդիրը, որին անդրադարձել են երկու երկրների նախարարները, ձմռան սեզոնին գազի կայուն ներկրումն է Հայաստան: «Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել , որ օպերատիվ հերթապահություն սահմանվի, որպեսզի որեւիցե խնդիր գազի ներկրման հետ  կապված ձմռան շրջանում չլինի»,- նշել է Արմեն Մովսիսյանը:

«Մենք ունենք հին ժամանակվանից եկած պարտք, բայց դա ոչ թե Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ է, այլ վրացական մի ընկերության: Այդ պարտքն առաջացել է վրացական, հայկական եւ ռուսական ընկերությունների միջեւ գործունեության արդյունքում։ Խնդիրը փորձում ենք լուծել այդ ընկերությունների մակարդակով եւ իմ կարծիքով, հնարավոր է, որ եկող տարի այդ լուծումը գտնվի։ Խոսքը մոտ 3,8 միլիոն դոլարի մասին է։ Պարտքը միջկառավարական չէ, եւ խնդիրը պետք է լուծվի այդ ընկերությունների մակարդակով»,-ընդգծել է էներգետիկայի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ