News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկ նպատակ է հետապնդում` ազատ եւ արդար ընտրությունների անցկացում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների տարում կուսակցության ծրագրերին:

Զոհրաբյանի խոսքով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար տարվա առավել կարեւոր իրադարձությունը 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններն են եւ, բնականաբար, դրանց նախապատրաստական աշխատանքները. «Բարգավաճ Հայաստան»-ը, որպես երկրի քաղաքական հիմնական ուժերից մեկը, նախապատրաստվում է ընտրություններին: Իհարկե, օրենքով սահմանված ժամկետում մենք կձեւավորենք մեր նախընտրական շտաբը, կլինեն կոնկրետ պատասխանատուներ:

Հարկ է նշել, որ կուսակցության քաղխորհուրդը, նշանակված մասնագետներն արդեն աշխատում են նախընտրական ծրագրի վրա, որը հանրությանը կներկայացվի նախանշված ժամկետներում»:

Պատգամավորը նաեւ նշել է, որ նախատեսվում է անցկացնել կուսակցության քաղխորհրդի նիստ, սակայն դեռեւս անհրաժեշտություն չկա հրատապ  հատուկ խորհրդակցություններ հրավիրելու: Երբ կառաջադրվեն հստակ հարցադրումներ, ինչպես քաղխորհուրդը, այնպես էլ պատգամավորները կմասնակցեն քննարկումներին: Սակայն, Զոհրաբյանի խոսքով, առ այսօր հրատապ, անհետաձգելի հարց չկա, որն անհրաժեշտ է քննարկել հենց այս օրերին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի մի խնդիր` ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Մենք ուզում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք խոսում են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար իրենց պատասխանատվության մասին, գիտակցեն դա: Ես պետք է կրկնեմ, որ այս ընտրությունները հավուր պատշաճի տեղի չեն  ունենա, եթե  չանցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Ես, որպես պատգամավոր, որը պարբերաբար հանդիպում եւ հանդիպելու է միջազգային կառույցների առաջին դեմքերի հետ, հայտարարում եմ` Հայաստանի համար դրա հետեւանքները կլինեն շատ ծանր», - նշել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ