News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը:

2012 թ. պետական բյուջեում նախատեսվել է սոցիալական փաթեթ: Հանրային ծառայողների ո՞ր խմբերը եւ ի՞նչ չափով կարող են օգտվել այդ փաթեթից:

Սոցիալական փաթեթը նախատեսված է քաղաքացիական ծառայողների, պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների  համար: Փաթեթը մասնավորապես ներդրվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում (նախարարությունների, կառավարության առընթեր պետական կառավարման մարմինների, մարզպետարանների, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատակազմերում եւ այլն): Բացառություն են կազմում ՀՀ կենտրոնական բանկը, Երեւանի քաղաքապետարանը եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Փաթեթը չի տարածվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների վրա:

Կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններից փաթեթում ներառվել են հանրակրթական դպրոցները, հատուկ դպրոցները, նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները, գրադարանները, թանգարանները, մշակույթի տներն ու կենտրոնները, թատրոնները, տարեցների եւ երեխաների խնամքի տուն-ինտերնատներ, երեխաների խնամքի ցերեկային կենտրոնները եւ այլն: Այս կազմակերպությունների ցանկը բավականին ընդգրկուն է, դրանք հստակ նշված են կարգում, եւ բոլորը կարող են ծանոթանալ:

Սոցիալական փաթեթի ներդրմամբ այս տարվանից շուրջ 120 հազար աշխատակիցների հնարավորություն է ընձեռվում անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասարաչափ` տարեկան 132 հազար դրամի սահմաններում,  օգտվել մի շարք սոցիալական ծառայություններից: Դրանք, ինչպես գիտեք, չորսն են` բժշկական ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար եւ հանգստի  կազմակերպում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում:

Ինչո՞վ եք բացատրում, որ պետբյուջեում մշտապես գոյանում է չօգտագործված միջոցների ազատ մնացորդ: Արդյո՞ք դա բյուջեի պլանավորման բացթողում է:

Հայաստանի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ծախսերի տարեկան գումարը հանդիսանում է տարվա ընթացքում ֆինանսավորման առավելագույն գումար: Բնական է` պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծախսերից հնարավոր են տնտեսումներ:  Ինչ վերաբերում է պետական բյուջեի եկամուտներին, ապա դրանց գումարը  ավելի շատ կողմնորոշիչ բնույթ ունի, ուստի տարվա արդյունքներով կատարողականը կարող է գերազանցել ծրագրված գումարը` այդպիսով առաջացնելով տարեսկզբի ազատ մնացորդ:

Պետական բյուջեի կատարման ժամանակ ՀՀ կառավարությունը մշտապես հետամուտ է նախատեսված արդյունքին բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ հասնելու սկզբունքին, որի շնորհիվ միջոցները օգտագործվում են հնարավորինս խնայողաբար: Մասնավորապես, սոցիալական ապահովության ոլորտում պետական բյուջեի ծախսերի նպատակայնության եւ հասցեագրվածության բարելավման շնորհիվ 2011թ. այս ոլորտի փաստացի ծախսերը պլանավորվածից մոտ 5 տոկոսով պակաս են կազմել: Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսերի պլանավորմանը, ապա դրա բարելավումը նույնպես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ ՀՀ կառավարությունը շարունակաբար բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտում:

Բացի այդ, պետական բյուջեում չօգտագործվող միջոցների առկայությունը  տարվա ընթացքում պայմանավորված է նաեւ պետական բյուջեի կատարմանը բնորոշ սեզոնայնությամբ: Նույնիսկ եթե տարեկան բյուջեի մասին օրենքով սահմանված ցուցանիշները կատարվեն 100%-ով, տարվա ընթացքում պետական բյուջեի առանձին մուտքերը եւ ելքերն ունեն իրենց բնորոշ կատարման օրինաչափությունները եւ, բնականաբար, հավասարաչափ չեն բաշխված ըստ օրերի, ուստի տարվա ընթացում պետական բյուջեի ծախսերը եւ պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար պետական բյուջեի հաշվին անհրաժեշտ է որոշակի միջոցների առկայություն:

Կարելի՞ է համարել, որ 2012 թ. պետական բյուջեն ավելի զսպողական բնույթ ունի, եւ տնտեսության խթանման ակտիվ տարրեր չի պարունակում:

2011 թվականին, ըստ գնահատականների, պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը ՀՆԱ-ի մեջ կլինի 3 տոկոսի շրջանակներում, ինչն արդյունք էր պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության: Այն օգնեց  կենտրոնական բանկին` նվազեցնել տարվա համար գերխնդիր համարվող նախորդ տարվանից եկող բարձր գնաճը: Հարկաբյուջետային քաղաքականության պահպանողական բնույթը դրսեւորվել է ոչ թե ծախսերի նպատակադրված կրճատման, այլ վերջինիս նպատակայնության ու հասցեականության  բարձրացման համար կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեւավորված խնայողությունների, զգուշավոր եւ հաշվենկատ ծախսային քաղաքականության հաշվին:  2012 թվականին ծրագրված է բյուջեի պակասուրդի 3.1 տոկոս մակարդակ, ինչը նշանակում է, որ անցած տարվա համեմատ պետական բյուջեն տնտեսության վրա կունենա ոչ թե զսպող, այլ փոքր ինչ ընդլայնող ազդեցություն: Բյուջեն պլանավորվել է հարկաբյուջետային քաղաքականության մակրոտնտեսական առումով կարեւորագույն նպատակների խելամիտ համակցման սկզբունքով. մի կողմից աստիճանաբար նվազեցնում ենք պետական բյուջեի պակասուրդի մակարդակը` ծրագրելով ոչ բարձր պակասուրդներ պարտքի կայունության տեսանկյունից, մյուս կողմից աջակցելով տնտեսական վերականգնմանը` իրականցնելով նաեւ առաջարկի խթանման քաղաքականություն:

Պետք է նաեւ նշել, որ տնտեսության խթանման ուղղությամբ 2012 թվականին հետեւողականորեն շարունակվելու են արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները` գործարար միջավայրի բարելավման, իրական հատվածին աջակցության, գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքների զարգացման եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության դիվերսիֆիկացման մեծացման ու արտահանելի հատվածի ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն` դիտարկվելու է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացումը:

Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը եվրոյի գոտու հնարավոր փլուզման վերաբերյալ:

Եվրոգոտու հնարավոր փլուզման վերաբերյալ տեսակետները իրատեսական չեն: Ներկայումս Եվրոպական երկրների հետ կապված մտահոգությունները եւ ռիսկերը պահպանվում են` նկատի ունենալով եվրոգոտու երկրների տնտեսական աճի տեմպի դանդաղումը, եւ ոչ թե եվրոգոտու փլուզումը, իսկ Հայաստանը` որպես  փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկիր, շատ զգայուն է համաշխարհային տնտեսության զարգացումների նկատմամբ: Եվրոգոտու երկրների հետագա զարգացման ազդեցության հնարավոր ուղիներին անդրադարձել ենք նաեւ 2012 թվականի բյուջեի ուղերձի շրջանակներում: Մասնավորապես նշվել է, որ եվրոպական երկրներում տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի մեր երկրից արտահանման աճի տեմպերի որոշ չափով դանդաղման եւ արտաքին անհաշվեկշռվածության խորացման:

Զրուցեց Սամվել Ավագյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ