News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին, Տոկիոյում Հայաստանի եւ Ճապոնիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար Կազույուկի Համադան: Նա, մասնավորապես, նշել է, որ Ճապոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները` կարեւորելով տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնումը:

Երկուստեք ընդգծել են, որ քաղաքական երկխոսությունը շարունակելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու, տնտեսական ու գործարար փոխշահավետ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու ուղղությամբ ջանքերը համադրելով` հնարավոր կլինի նոր որակ հաղորդել կենսագործունեության բոլոր ոլորտներում  Հայաստանի եւ Ճապոնիայի հարաբերություններին:

ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Մանասարյանը ՀՀ կառավարության անունից երախտագիտություն է հայտնել ճապոնացի իր գործընկերոջը` անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով Ճապոնիայի կառավարության ցուցաբերած անշահախնդիր աջակցության համար: Ճապոնիայի ԱԳ փոխնախարարն իր հերթին անկեղծ շնորհակալություն է հայտնել 2011թ. մարտին Ճապոնիայում տեղի ունեցած արհավիրքներից հետո ՀՀ կառավարության, հայ ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցության, անկեղծ կարեկցանքի եւ ֆինանսական օգնության համար:

Նույն օրը Ճապոնիայի ԱԳՆ-ում տեղի է ունեցել հայ-ճապոնական քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից այն վարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Տոյոհիսու Կոզուկին: Օրակարգում էին հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները խորացնելուն, քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունը բազմազանեցնելուն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ միջազգային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Ճապոնիայի ԱԳՆ-ի հետ բանակցությունները շարունակվել են նաեւ մյուս օրը` հունվարի 24-ին, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների ծրագրի շուրջ: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն, ինչպես նաեւ տեղի է ունեցել հանդիպում Ճապոնիայի օրենսդիր մարմնի շրջանակներում նորաստեղծ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ