News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թեեւ Բաքվից հնչում էին հայտարարություններ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտ ոչ մի բան էլ չի ստացվում, սակայն Սոչիում ԼՂ հարցով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում նշվել է, որ եռանախագահները արդյունավետ աշխատանք են տարել եւ առաջընթաց է արձանագրվել հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ: Այս մասին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Սոչիի հանդիպումը կարեւոր եւ արդյունավետ էր, եւ դա արտահայտվեց նաեւ այն եռակողմ հայտարարության մեջ, որն արվեց նախագահների մակարդակով: Հայտարարության մեջ նախագահները նշեցին, որ վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, բարձր գնահատելով այդ աշխատանքը, հույս հայտնեցին, որ եռանախագահները նույն ձեւաչափով, նույն կարգավիճակով կշարունակեն իրենց ջանքերը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»,-ասաց նա:

«Հայտարարության մեջ հիշատակվել է եւս մեկ դրույթ այն պայմանավորվածության մասին, որի դեմ բավականին ջանքեր գործադրեցին ադրբեջանցիները՝  շփման գծում միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին: Եռանախագահներն անմիջապես համապատասխան փաստաթուղթ, նախագիծ ներկայացրեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Ադրբեջանական կողմից բազմաթիվ անգամ հնչեց, որ ընդհանրապես այդպիսի պայմանավորվածություն չի եղել, եւ եռանախագահները որեւէ նախագիծ իբրեւ թե չեն ներկայացրել: Ադրբեջանցիները, դեմ լինելով այսպիսի հատկացմանը, անգամ սպառնացին, որ ընդհանրապես վետո կօգտագործեն ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի նկատմամբ եւ այդպիսով թույլ չտվեցին, որ հատկացում կատարվի: Եվ սա շատ կարեւոր է, որ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները հանձնարարեցին շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, այսինքն միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»,- ընդգծեց Նալբանդյանը:

«Եթե անգամ մենք գանք համաձայնության հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ բնականաբար համապատասխան դրական մթնոլորտի ստեղծումը կնպաստի դրան, անգամ դրանից հետո դեռ մեծ աշխատանք է սպասվում բուն պայմանագրի տեքստի մշակման ուղղությամբ տարվելիք աշխատանքի եւ իհարկե համապատասխան դրական մթնոլորտը, ոչ թե խանգարիչ, սադրիչ մթնոլորտը, որը ստեղծվում է ադրբեջանական կողմից եւ խանգարում այս գործընթացին, իհարկե կարեւոր կլինի»,-ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է փոխվստահության ամրապնդման հարցում երկու երկրների մտավորականների հանդիպումներին, Նալբանդյանն ընդգծեց, որ նման փորձեր եղել են, բայց այդ փորձերը ցավոք չեն տվել արդյունք: «Ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ ծագումով որեւէ օտար քաղաքացի այցելի իրենց երկիր: Քանի դեպքեր են եղել, երբ թույլ չեն տվել հայ ծագումով սպորտսմենների, բիզնեսմենների կամ ուղղակի հայ ծագումով պարզ մարդկանց անգամ ինքնաթիռ նստել եւ գալ Ադրբեջան: Այն քարոզչությունը, որն ուղղված է հայ ժողովրդի դեմ բուն Ադրբեջանի ներսում, այն պատերազմի քարոզչությունը, սադրիչ հայտարարությունները, որոնք հնչում են այդ երկրում,  իհարկե,  չեն նպաստում վստահության մթնոլորտի ամրապնդմանը, այլ հակառակը: Բայց, իհարկե,  վստահության ամրապնդումը, բարենպաստ մթնոլորտի ստեղծումը եւ համապատասխան հանրային կարծիքի պատրաստումը դեպի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը կարեւոր է: Եթե մենք գնում ենք խաղաղության, մենք պետք է պատրաստենք մեր ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Ադրբեջանը հակառակն է անում»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ