News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2011 թ. ներմուծել է 33.6 հազ. տոննա միրգ, արտահանել` 15.3 հազ. տոննա: Այսպիսով` մրգի արտահանումը ավելի քան 2 անգամ զիջում է ներմուծմանը:

Նշենք, որ մրգի արտահանման ամենաբարձր մակարդակ Հայաստանը գրանցել է 2009 թ.` 17 հազ. տոննա:

Դեռեւս 2011 թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց ստեղծել «Հայկական միրգ» ընկերությունը ` այդ նպատակով հատկացնելով 1.7 մլն դոլար: Ընկերության հիմնական նպատակն է լինելու` ընդլայնել հայկական մրգի արտահանումը, օգնելու գյուղացիներին` մրգի ու ընկուզեղենի առավել որակյալ սորտեր աճեցնել, հիմնել բարձր ինտենսիվության այգիներ եւ այլն:

Սակայն դատելով գործընթացներից` «Հայկական միրգ» ընկերության ստեղծումը ձգձգվում է: ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում է հայտնվել հարց` ընկերության ստեղծման մասին որոշման մեջ որոշ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Նախ` ձգձգվել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ բանակցությունները, որի հետ պետք է համաձայնեցվի ընկերության կանոնադրությունը: Այդ համաձայնեցումը կատարվել է միայն դեկտեմբերի կեսերին, պայմանով, որ «Հայկական միրգ» ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվող այգեգործության ոլորտի մասնավոր սեկտորի ներկայացուցիչների թիվն ավելացվի:

Իսկ գյուղատնտեսության նախարարությունը չի պահպանել շենք եւ հողամաս տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու ժամկետները: Այդ ժամկետը հավանաբար կտեղափոխվի մինչեւ մարտի 15-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ