News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրելու է ԱԺ պատգամավոր, գործարար ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ  զրույցում ասաց ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ այս մասին որոշվել է այսօր` մարտի 21-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, նա պատասխանեց, որ Ռուբեն Հայրապետյանը առաջադրվում է Մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան  Էդիկ Գեւորգյանի փոխարեն. «Այդպես որոշել է կուսակցությունը, որովհետեւ Էդիկ Գեւորգյանը որոշեց չառաջադրվել, եւ քանի որ Ռուբեն Հայրապետյանը պարտաճանաչ կուսակցական է, մենք առաջադրում ենք նրա թեկնածությունն այդ ընտրատարածքում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Իսկ թիվ 40 ընտրատարածքում Միքայել Վարդանյանի փոխարեն, Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է «Մասիս ինթերնեյշնլի» տնօրեն Մարինա Մարաբյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առաջադրվել, այնուհետեւ նշել, որ կառաջադրվի որեւէ ընտրատարածքում, որտեղ իր պահանջարկը լինի: Նա նշել էր, որ չառաջադրվելու մասին որոշումը փոխել է, քանի որ կուսակցությունն է այդպես որոշել, իսկ ինքն անկախ մարդ չէ եւ պարտավոր է հարգել կուսակցության որոշումներ: Դանից հետո կայացած ասուլիսում պատգամավորը նշել էր, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ավելին, եթե ընդգրկված լինի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ապա կհրաժարվի պատգամավորի մանդատից:

Ռուբեն Հայրապետյանի առաջադրման որոշումը փոխելու պատճառը զբաղվածությունն է, քանի որ, իր խոսքով, հաճախ ՖԻՖԱ-ի նիստերը համընկնում են ԱԺ-ի նիստերի հետ, ամսվա մեջ մի քանի անգամ ճամփորդությունների մեջ է եւ այլն:  Ի դեպ, նա նշել էր նաեւ, որ միակ մարդը, ով կարող է իրեն համոզել փոխել առաջադրման մասին որոշումը, իր լավագույն ընկեր, շատ սիրելի եւ հարգելի Սամվել Ալեքսանյանն է: «Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել, իմ ընկերը կարող է ինձ համոզել, միակ մարդն ինքն է, որ կարող է համոզել, որին ես շատ եմ սիրում եւ հարգում»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Դրանից հետո Սամվել Ալեքսանյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել էր, որ համոզել է իր ընկերոջը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առաջադրել իր թեկնածությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ