Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»,- ապրիլի 22-ին` քառօրյա պատերազմից օրեր անց, նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցն ուղղեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Լավրովը չպատասխանեց այդ հարցին, որովհետեւ դա այն հարցերից էր, որոնց չեն պատասխանում: Կամ, եթե անգամ պատասխանում են, ապա պատասխանները չեն հրապարակվում:

Դա այն հարցերից էր, որոնք իրենք` պատասխան են պարունակում եւ հնչեցվում են միայն այն ժամանակ, երբ այլեւս չհնչեցնել հնարավոր չէ: Այդ հարցին ռուսական կողմը պատասխանեց եւ պատասխանում է ոչ թե՝ Լավրովի շուրթերով, այլ՝ իր գործողություններով: Այդ հարցի պատասխանները շատ հեռուն են գնում` հասնելով մինչեւ ղարաբաղաադրբեջանական սահմանագիծ:

Այդ հարցը պատասխան է ստանում Ադրբեջանի յուրաքանչյուր դիվերսիայով, հարձակողական գործողությամբ, երբ դա հետեւում է հայկական կողմի որեւէ հայտարարության կամ դիրքորոշման արտահայտման:

Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք չունեն, հաջորդող իսկ գիշերն Ադրբեջանը ղարաբաղյան սահմանին ու բնակավայրերի ուղղությամբ կիրառում է գրեթե ողջ արսենալը: Ադրբեջանական տանկերն այսպիսով կրակում են ոչ միայն՝ ռուսական արտադրության արկերը, այլեւ՝ ռուսական քաղաքականության պատասխանը` Հայաստանին:

Այսպիսով, պատերազմը դառնում է նաեւ քաղաքական ուղերձներ ու պատասխաններ փոխանցելու թատերաբեմ, որը զուգահեռաբար նաեւ ֆինանսատնտեսական արդյունքներ է ապահովում Ռուսաստանին, քանի որ կրակվում են ռուսական արկերն ու փամփուշտները` ապահովելով նորանոր պատվերներ: Ու մինչ Ադրբեջանը կրակում է սահմանին ու ռմբակոծում է Ղարաբաղի բնակավայրերը, Ռուսաստանը` ԵԱՀԿ-ում սեփական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի շուրթերով, հայտարարում է. «Ռուսաստանը հնարավոր է համարում Երեւանի եւ Բաքվի միջեւ ռազմական շփումների շարունակությունը»:

Դա ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միակ միջազգային մանդատն ունեցող կառույցում: Ադրբեջանի վերջին օրերի հարձակումներն ու ռուսական դիվանագետների այս եւ նմանօրինակ հայտարարությունները, այսպիսով, մի նպատակ ունեն` ցույց տալ, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք ունեն:

Խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության ամենացայտուն ապացույցը պատերազմն է, որի այլընտրանքը ոմանց, օրինակ՝ հայկական կողմի համար` խաղաղությունն է, իսկ ոմանց համար` խաղաղապահները: Դա պետք է լիներ Լավրովի պատասխանն «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց» հարցին, որը Ռուսաստանի արտգործնախարարը, դիվանագիտորեն ու քաղաքագիտորեն, չհնչեցրեց: Այդ հարցը ստիպել է Հայաստանին վերանայել տարիներ շարունակ կուրորեն իրականացվող ռուսահպատակ քաղաքականությունը, թեեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ոչ բոլորն են դա առայժմ գիտակցում: Կամ ոչ բոլորին է թույլատրված գիտակցել:

Ու քանի դեռ այդ քաղաքականությունը չի վերանայվել ամբողջությամբ ու վերջնականապես, ամեն օր կամ ամեն շաբաթ այդ հարցի պատասխանները հնչելու են ղարաբաղաադրբեջանական սահմանի որեւէ հատվածում կամ որեւէ բնակավայրի ուղղությամբ: Հնչելու են` ռուսական արտադրության որեւէ ծանր սպառազինության փողից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ