News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետի Ժորա Մարտիրոսյանի որդիների` Կարեն եւ Արկադի Մարտիրոսյանների դեմ հետախուզում է հայտարարվել եւ վերջիններս որպես մեղադրյալ են ներգրավվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 258-ի 4-րդ մասով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Տավուշի քննչական ծառայությունից: Իսկ միջադեպի մյուս կողմի նկատմամբ հարցաքննությունները դեռ շարունակվում են եւ, որեւէ մեկին դեռեւս դատավարական կարգավիճակ չի տրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետի Ժորա Մարտիրոսյանի որդին կալանավորվել է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեղադրանքով` 258 հոդվածի 4-րդ մասով: Ոստիկանությունից հայտնել են, որ գյուղապետի երկու որդիները վեճ են ունեցել, բախվել են այլ անձանց հետ, անգամ օդ են կրակել: Այս միջադեպի շուրջ տարաբնույթ վարկածներ հնչեցին, հետեւաբար NEWS.am-ը զրուցեց Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հետ, հասկանալու համար, թե ըստ նրա մեկնաբանության, որն է միջադեպի պատճառը: Ըստ նրա պատճառն Իջեւանում տեղի ունեցած ավտովթարն է եղել, որի արդյունքում Տավուշի մարզի «Սեւքարի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Երիցյանի «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վնասվել է:

«Հետո Աշոտ կոչեցյալը այնտեղից 20 հոգանոց թիմ է հավաքել ու զինված ատրճանակներով, նռնակներով, հրացանով ու երկաթե բութ կտորներով եկել են իմ ընտանիքի վրա հարձակվել: 9 թոռներս, ընտանիքիս անդամներն ահաբեկված են: Այդ հարձակման պատասխանն իրենք պետք է տան, ոչ թե` մենք, որ 3 տղաներիցս մեկին կալանավորել են: Այդ մարդն իր բաճկոնը հանեց գցեց «Մերսեդեսի» կապոտին ու շատ կներեք ասաց. «Սրանց մայրիկը սենց արեք, ջարդեք» եւ զորքով հարձակվեցին»,- պատմեց գյուղապետը եւ ավելացրեց, որ իրենք 4 հոգով են եղել, իսկ հակառակ կողմը 20: Գյուղապետը նաեւ պատմեց, որ ինքը տանից դուրս գալով պահանջել է, որ կողմերը հանդարտրվեն, սակայն սկսել են իրեն ծեծել եւ տղաները չեն կարողացել անտեսել այդ տեսարանը: «Դե ով կդիմանա, որ իր հորը աչքի դեմը խփեն»,- պատմեց գյուղապետը, հավելելով, որ իր գլխին 5 կար են տվել, չհաշված որ դանակով ձեռքերն են վնասել: Հարցին թե իր երկու տղաներին, որ հրավիրել են ոստիկանություն ինչո՞ւ չեն գնացել, գյուղապետն արձագանքեց. «Նրանք 20 հոգով հարձակվել են մեր տան վրա, այնինչ տղայիս են տարել վրան հոդված դրել: Որտե՞ղ է արդարությունը»: Իսկ երեխ հրաժարվեց խոսել ասելով.«Եկեք ինձ թող արեք հանգիստ: Ես իմ գործերը գիտեմ ինչ կանեմ»: Ի դեպ, գյուղապետը նշված միջադեպի պատճառներից մեկն էլ այն է համարում, որ Աշոտ Երիցյանի աներորդին՝ Արտեմ Սարիբեկյանն, ուզում է համայնքի ղեկավար դառնալ, դրա համար էլ նման քայլերի է դիմում, փորձելով վարկաբեկել ներկա գյուղապետին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ