News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հերթական անգամ «Լեւ Գրուփ» իրավատնտեսական միավորումը պատրաստվում է դատարանում հանդես գալ ընդդեմ «Արմենալ» գործարանի: Առիթն այս անգամ գործարանի գլանման արտադրամասի վարձատրության հարցերն են: «Արմենալի» 100 աշխատողների անունից «Լեւ Գրուպի» նախագահ Լեւոն Բաղդասարյանը օրերս հայտարարություն է տարածել` մեղադրելով գործարանի ղեկավարությանը աշխատանքային օրենսդրության խախտման մեջ: Ըստ հայտարարության` գլանման արտադրամասի բանվորները պետք է ժամանակից շուտ անցնեն կենսաթոշակի ու ստանան գերավճար` վնասակարության համար:  Միաժամանակ, գործարանի աշխատողները պահանջում են Երեւանում աշխատանքի պայմանները հավասարեցնել Ռուսաստանում «Ռուսալի» աշխատողների աշխատանքային պայմաններին: «Լև Գրուպը» դատարանում հայց է ներկայացրել «Արմենալի» դեմ` գլանման արտադրամասի աշխատողների գերավճարները տրամադրելու մասին:

Ներկա դրությամբ գործարանի բոլոր 100 աշխատողները շարունակում են աշխատել եւ գործադուլ չեն հայտարարել:

«Լեւ գրուփի» այս հայտարարությանը պատասխան հաղորդագրություն է տարածել նաեւ «Արմենալը»: Հայտարարության մեջ նշված է, որ օրենսդրությամբ գլանման արտադրամասում աշխատելու համար արտոնություններ սահմանված չեն, հետեւաբար` իրավական հիմքեր չկան աշխատողներին վնասակարության համար գերավճարներ տալու: Բացի այդ` «Արմենալը» մեղադրում է «Լեւ գրուփին»` փաստերը աղավաղելու մեջ: «Հայտարարությունում նշված 130 հազար դրամ գումարը` որպես գլանման արտադրությունում աշխատողների միջին ամսական աշխատավարձ, իրական վիճակի աղավաղում է: Իրականում 2011 թ. գլանման արտադրամասի աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 208.6 հազ. դրամ, իսկ հունվար-մարտ ամիսներին տատանվել է 203,7-254,6 հազար դրամի միջեւ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2010 թ. «Լեւ գրուփը» աջակցել է «Արմենալի» աշխատողներին` 2003-8 թ.թ. առանձնապես վտանգավոր արտադրամասում աշխատելու համար գերավճարները ստանալու: Այդ ժամանակ ստորագրվեց հաշտության համաձայնագիր գործարանի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ, սակայն դրանք ձուլման արտադրամասի բանվորներն էին: Իսկ թե ինչ ընթացք կստանա գլանման արտադրամասում ծագած կոնֆլիկտը` ցույց կտա ապագան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ