News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով ձերբակալված երիտասարդը ոստիկանության Անի տարածաշրջանի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանն է:  Իսկ սպանությունը քաղաքական դրդապատճառներ չունի, այլ նախնական վարկածով խանդի հողի վրա կատարված սպանություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը:

«Մենք այստեղ քաղաքականություն բացարձակապես չենք տեսնում: Դեռ նախնական վարկածով դա է, ինչ վերը նշեցի: Այսինքն` խանդի հողի վրա տեղի ունեցած  սպանություն»:

Հարցին, թե ինչու է այս դեպքում Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղի ունեցածին քաղաքական ենթատեքստ տալիս, ոստիկանապետը արձագանքեց. «Ես ինչպե՞ս  կարող եմ Վարդան Ղուկասյանի տեղը խոսել: Ըստ իս դա ոչ քաղաքական  սպանություն է»: Իսկ հացին, թե Հարություն Սարգսյանը մեղքը ընդունե՞լ է արդեն, թե՞ ոչ, Բաբակեխյանն արձագանքեց. «Դեռ ոչ,  աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Կարեն Բաբակեխյանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, այս պահին ավելին ասել չկարողացավ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դստեր նշանածի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ միաժամանակ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր ինքը`  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետեւ խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարեւ են տվել։ Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է։ Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են»,- ասել էր նա: Նրա խոսքով՝ այդ երիտասարդը, ով ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սպանել է քաղաքապետի դստեր նշանածին, որեւէ կապ չի ունեցել իր դստեր նշանածի հետ: «Այդ վարկածը սարքովի է եւ այդ երիտասարդն՝ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են։ Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»,- ասել էր նա՝ շեշտելով, որ իր դստեր նշանածն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ եւ կուսակցական չէր։

Հիշեցնենք նաեւ, որ  ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ