News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն թույլ չի տա, որ իրենց հետ Սյունիքում սպառնալիքներով խոսեն, իրենք էլ, իրենց հերթին, սպառնալիքներ չեն օգտագործի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, թիվ 38 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Գեւորգյանը:

Պարոն Գեւորգյան Դուք առաջադրվել եք ե’ւ համամասնական ընտրակարգով, ե’ւ մեծամասնական: Հնարավո՞ր է, որ կուսակցությունում կարծել են, թե մեծամասնականով չեք անցնի, դրա համար համամասնական ցուցակում էլ են ընդգրկել:

Համամասնական ընտրակարգով իր առաջադրվելու որոշումը կայացրել է կուսակցությունը, իսկ ՀՅԴ այստեղի` Սյունիքի կառույցն էլ որոշեց, որ մեծամասնականով էլ պետք է առաջադրվեմ: Իսկ մեծամասնականով չանցնելու խնդիր չկա:

Մեծամասնական ընտրակարգով ընտրվելու Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում: ՀՅԴ-ի կարգախոսն է «Ազատություն, արդարություն, դաշնակցություն»: Ումի՞ց եք ցանկանում սյունեցիներին ազատել:

Դա կուսակցության կարգախոսն է, իսկ իմ մեծամասնականի կարգախոսն է` «Հին ընկերները չեն դավաճանում»: Այդ կարգախոսով գնում ենք: Հին կապանցի ընկերներ ունեմ, մարտական, ընկերներ, մանկության ընկերներ , բարեկամներ, որոնց հետ ամբողջ կյանքս շփվել եմ, բոլորս էլ իրար ճանաչում ենք, ընտրությունների վերջը ցույց կտա:

Հին ընկերները հին ընկերներ, բայց հիմա բոլորը բաժանվել են կուսակցությունների: Այս դեպքում, ի՞նչ եք կարծում, ընկերությո՞ւնը կհաղթի, թե՞ կուսակցական պատկանելիությունը:

Ինձ թվում է մեծամասնականով կուսակցական պատկանելիությունը մեծ նշանակություն չունի, ավելի շատ նշանակություն ունի տեղում ունեցած հեղինակությունը: Կոպիտ բառերով չեմ ուզում ասել, բայց ավելի շատ անցնում են «տեղացի տղա», «ընկեր» հասկացությունները: Բայց դե, բնականաբար, կուսակցության համար էլ ենք աշխատում եւ կուսակցությանն էլ ենք ձայներ բերելու:

Իսկ ի՞նչ է, մինչ օրս դավաճանությունների, մեջքից հարվածների չե՞ք հանդիպել:

Տեսել էլ եմ, լսել էլ եմ, բնականաբար: Բայց փառք Աստծո, իմ պահով դեռ չի եղել:

Ասում են, որ Սյունիքում մեծ ազդեցություն ունեն մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ում որդին` Վահե Հակոբյանն, առաջադրվել է Ձեր դեմ: Գուցե ուզում եք Ձեր առաջադրմամբ Սյունիքն ազատե՞լ նրանց իշխանությունից:

Սյունեցիները միշտ էլ անկախ, հպարտ ժողովուրդ են եղել, իրենք, ոչ ոքից ազատելու կարիք չունեն, դա ամբողջ Հայաստանի ժողովրդին է վերաբերում: Ես նորից եմ կրկնում, իմ կարգախոսն է` «Հին ընկերները չեն դավաճանում»:

Իսկ Ձեզ ո՞ւմ եք լուրջ մրցակից համարում:

Բոլորին, բոլորին էլ մրցակից եմ համարում:

Մինչեւ նախընտրական քարոզչության մեկնարկը «Պրինց» ռեստորանում կրակոցներ հնչեցին, որտեղ նաեւ Դուք էիք ներկա: Ձեր նկատմամբ հիմա սպառնալիքներ կա՞ն:

Ինձ թվում է, որ մենք էն մարդիկ չենք, որ մեզ հետ սպառնալիքներով խոսեն: Մենք թույլ չենք տա, որ մեզ հետ սպառնալիքներով խոսեն: Մենք էլ մեր հերթին սպառնալիքներ չենք օգտագործում: Ինչ վերաբերում է ռեստորանի միջադեպին, ապա արդեն ասել եմ, որ դա ընդհանրապես կապ չունի ընտրություններ հետ: Թյուրիմացություն է եղել, եւ անցել-գնացել է: Նորից եմ կրկնում, որ, փառք Աստծո, պրոբլեմներ չկան: Մենք պրոբլեմներ չենք ստեղծում, նորմալ առաջ ենք գնում:

Իսկ սյունեցիների հետ որ հանդիպում եք, հիմնականում ինչի՞ց են դժգոհում:

Ինչպես ասում են, մի տնից չենք, մի հալի ենք: Ամեն տեղ նույն պրոբլեմն է: Հիմնականում սոցիալական արդարությունն ու գործազրկությունն է մեծ խնդիր: Ավելին` Լոռիի եւ Սյունիքի մարզերում տարբերությունը էական չի: Փոքր Հայաստան է ու ամեն տեղ պրոբլեմները նույնն են:

Իսկ Ձեզ համար, որպես, ոչ թե պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու, այլ սյունեցի, որն է թիվ մեկ խնդիրը:

Դե կարող է ես, որպես պատգամավոր, պատգամավորության թեկնածու խնդիրներ չեմ ունեցել, բայց ընենց չի, որ ոչ ոքի հետ չեմ շփվել: Եղբայրներ, ընկերներ ունեմ այստեղ ու բոլորի հիմնական խնդիրը գործազրկությունն է: Այսքան կոմբինատների, գործարանների առկայության դեպքում գործազրկությունը խնդիր է: Պետական պաշտոններում աշխատող հարազատներ, ընկերներ չունեմ, սակայն ոչ պետական ձեռնարկություններում աշխատող ընկերներ ունեմ: Հիմնական հարցը, որ ինձ դիմում են, գործազրկության հարցն է: Ասում եմ, չէ՞, մի տնից չենք, բայց մի հալի ենք:

Դուք 1990-ականներին մարտնչել եք «Գարեգին Նժդեհ» ջոկատում, հենց սկզբից դաշնակցակա՞ն եք եղել:

Ջոկատը կուսակցական չէ, այդ ընթացքում Հայաստանում ջոկատներ էին ձեւավորվում եւ դա Կապանի ջոկատներից մեկն է եղել: Եղել եմ այդ ջոկատում մի քանի ամիս, հետո տեղափոխվել եմ:

Բայց ջոկատի հրամանատարը ՀՀԿ-ական է:

Այո հիմա ՀՀԿ-ական է, բայց այն ժամանակ ՀՀԿ-ական չէր: Ավելին` այն ժամանակ, երբ հարցը հայրենիքին էր վերաբերում, կուսակցական խնդիր չէր քննարկվում:

Իսկ կռվի ժամանակ մականուն ունեցե՞լ եք, ձեզ Սյունիքում, բացի Գագիկ Գեւորգյանից էլ ինչ անունով են ճանաչում:

Չէ չեմ ունեցել, եթե լիներ կհիշեի: Դաշնակ էլի, երեւի, ասած կլինեն:

Սյունիքում, ո՞ր կուսակցության դիրքերն են ավելի ամուր:

Դաշնակցության:

Բա Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետն ասում է, թե ՀՀԿ-ի:

Դե հիմա ի՞նչ ասեմ, «Միավորված հայերն» էլ ասում են իրենց դիրքերն է ուժեղ, կոմունիստներն էլ, թե` իրենցը: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես ասում եմ Դաշնակցության:

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ եղե՞լ են պատմություններ, որ Ձեզ վրա ազդել, ցնցել են:

Դե գիտեք ինչ, ես այստեղ նոր մարդ չեմ ` լուսնից չեմ իջել: Ցնցող պատմություններ էս 5 տարվա մեջ էլ ա եղել, 10 տարվա մեջ էլ: Այնպես չէ, որ պատահաբար եկել եմ տեսնեմ, թե ինչ է կատարվում:

Իսկ օրինակներ կարո՞ղ եք առանձնացնել:

Դե շարունակական բաներ եղել են ու էլի լինելու են: Ինչ ասեմ, ասեմ մեկին բռնել վիզը պոկել են, իմ հնարավորությունների սահմանում փորձել եմ օգնել, իսկ որը որ չեմ կարողացել, ուրեմն իմ ուսերից վեր է եղել: Բայց ոչ մեկը չի կարող ասել, որ ուզել է իմ հետ հանդիպել ու չի ստացվել:

Իսկ սյունեցիներն ամենից շատ ո՞ր կուսակցությունից են դժգոհ:

Սյունեցիները դժգոհ ժողովուրդ չեն, սյունեցիք մարտական ժողովուրդ են, ինչը ցույց կտան ընտրությունների արդյունքները: Հիմա ես սոցոլոգ չեմ, որ ասեմ ումից են գոհ, ումից` դժգոհ: Սյունեցիք նաեւ մեծահոգի են, հյուրասեր, պարզ, որը մեծ արժանիք եմ համարում:

Այսքան դրական կողմեր նշեցիք, իսկ բացասական ինչ կողմեր կառանձնացնեիք:

Այ այդ մեկը բացառվում է, սյունեցին բացասական կողմ չունի: Երեւի, միակ շրջանի ժողովուրդն է, որ բացասական կողմ չունի:

Այսինքն ստացվում է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է՞լ թերություն չունի, ում այդքան սկանդալներ են վերագրվում:

Ես չգիտեմ, ինչ ասեմ: Ես էլ թերություններ ունեմ: Իմ կնոջը հարցրեք` իմ վրա կարող ա 1000 հատ թերություն ասի:

Եվ վերջում սյունեցի ընտրողներին ի՞նչ կոչ կանեիք:

Որպես թեկնածու կասեմ, որ ոչ մի բանից չվախենան, ոչ մեկը չի իմանալու ում են ընտրելու: Թող ընտրեն իրենց խղճի մտոք եւ մտածեն, որ այդ խցում իրենք են, մեկ էլ Աստված: Եվ ընտրում են ոչ միայն իրենց փոխարեն, այլ ընտրում են իրենց երեխաների ապագան, դրա համար թող լուրջ մոտենան այդ հարցին: Ինչպես նաեւ հիշեն, որ մայիսի 6-ին ընտրությունները վերջանում են, իսկ կյանքը շարունակվում է: Հետեւաբար` թող հարեւաններով, բարեկամներով ընտրությունների պատճառով թող պրոբլեմ չունենան:

 

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ