News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավը ավելի լայն թափ է ստանում, նախընտրական խոստումները` եռապատկվում, մինչդեռ քաղաքական գործիչներից շատերը չգիտեն առաջին անհրաժեշտության ապրանքների գները, որոնց թանկությունից բողոքում է ժողովուրդը:

Ֆրանսիայում 2012թ փետրվարի 25-ին մեծ աղմուկ էր առաջացել, երբ Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար, Ֆրանսիայի տրանսպորտի եւ էկոլոգիայի  նախկին նախարար Նատալի Կոստյուշկո Մորիզեին չէր իմացել փարիզյան մետրոյի ուղեվարձը: Դրանից հետո նա մեծ քննադատության էր արժանացել` որպես «ժողովրդի թեկնածուի» մամուլի քարտուղար, ավելին` փորձագետների կողմից կարծիք էր շրջանառվել, որ դա լրջագույնս ազդել է Սարկոզիի նախընտրական քարոզարշավի վրա

NEWS.am-ը փորձել է պարզել, թե մեր քաղաքական գործիչները որքանով են մոտ կանգնած ժողովրդին, որքանով են տեղյակ նրանց հոգսերից, թե պարզապես բավարարվում են շրջաններ այցելելով, ելույթ ունենալով, նամակներ հավաքելով, տատիկ, պապիկներին համբուրելով, երեխաներ գրկելով եւ այլն: Այսպես, նրանցից փորձում էինք պարզել սպառողական զամբյուղի առաջին հինգ ապրանքների (հաց, ձու, կարտոֆիլ, պանիր, տավարի միս) գները, ինչպես նաեւ մետրոյի եւ երթուղայինի ուղեվարձը: Հարցումները ցույց են տալիս, որ որոշ քաղաքական գործիչներ իրոք գիտեն ապրանքների մի մասի գները, որոշները` չգիտեն, փորձում են կռահել, իսկ ոմանք էլ անկեղծորեն խոստովանում են, որ չգիտեն: Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը չէր տիրապետում գներին, բայց այդ մասին ի սկզբանե հայտարարեց` պատճառաբանելով, որ տան գնումները ինքը չի անում եւ գիտի միայն այն ապրանքների գները, որոնք անձամբ է գնում:  «Ես գնումներ չեմ անում, ես մեր տան հովանավորն եմ»,- ասաց նա, հավելելով, որ ինքն օրինակ գնում է առանց թթխմորի լավաշ 240 դրամով, ծխախոտ` 510 դրամով: Տղամարդուն հատուկ մյուս ապրանքի` բենզինի գինը նա չգիտեր, քանի որ մեքենա չունի, վարել չգիտի եւ տաքսիներով է երթեւեկում: Թեեւ նա մետրոյով եւ երթուղայինով չէր երթեւեկում, բայց գիտեր, որ երթուղայինի ուղեվարձն արժե 100 դրամ, մատնաքաշի գինը`120-130 դրամից: ՀՅԴ անդամն ասաց, որ  կարտոֆիլի, ձվի, մսի եւ պանրի գներից տեղյակ չէ` պատճառաբանելով, որ դրանք  չի սիրում կամ չի գնում:

ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Այվազյանը եւս կատարելապես չէր տիրապետում գներին, դրանք նշում էր մոտավորապես եւ տրամաբանելով: «Ես վատ չեն զգում խանութ գնալուց, եթե անհրաժեշտ է լինում, գնում եմ»,- ասաց նա` հավելելով, որ տարբեր խանութներում գները տարբեր են: Նրա խոսքով` հացն արժե 250 դրամ, տավարի մսի կգ-ը` 2800 դրամ, կարտոֆիլը` 200 դրամ, պանիրը` 1800-2200 դրամ: Վարդան Այվազյանը ձու չի գնում, հետեւաբար` գինը չկարողացավ  ասել,  երթուղայինից եւ մետրոյից չէր օգտվում եւ դրանց գները  սխալ նշեց: Նրա կարծիքով` երթուղայինի գները տատավում են 100-200-ի սահմաններում, մետրոյինը` 80-100-ի սահմաններում: Նրա կուսակից ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւս որոշ չափով էր տիրապետում գներին: «Դա ի՞նչ հարց է, մենք հաց չե՞նք ուտում, որ չիմանանք»,- ասաց Գալուստ Սահակյանը, նշելով, որ օրինակ, իրենց օգտագործած սեւ հացն արժե 100 դրամ, բայց դրանից մի քիչ ավելի լավն արժե 200 դրամ:

«Բոլոր գները գիտեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը` հայտարարելով, որ մետրոյի ուղեվարձն արժե 100 դրամ, իսկ երթուղայինինը` 50 դրամ: Նա փոքր-ինչ դժվարությամբ ասաց կարտոֆիլի գինը` պատճառաբանելով, որ եթե ասի, մենք էլ  կգնենք եւ կթանկանա: «Տավարի միսն արժե մինչեւ 4000-4500 դրամ, ոչխարի լավ պանիր եմ գնում մոտ 1600 դրամ, ձու չեմ ուտում, ինձ չի կարելի, ձուն հիմա քաղաքական գործիք է, դրա համար անտարբեր եմ դրա նկատմամբ»,- ասաց նա` ընդառաջ գնալով մեր թախանձագին խնդրանքներին եւ բացահայտելով  «Մարտունու լավ կարտոֆիլի գինը` 200-250 դրամ»:

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, թիվ 9 ընտրատարածքում առաջադրված, սակայն հետո ընտրապայքարից հրաժարված Արայիկ Հայրապետյանը («Լավանդայի Արայիկը»)  որեւէ ապրանքի, ծառայության գին չգիտեր, նույնիսկ բենզինինը: «Իմ ընտանիքը ինձ ազատել է այդ հոգսից, միայն  անընդհատ բողոքում են, որ թանկ է»,- ասաց նա:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Վահե Էնֆիաջյանը, թեեւ տան գնումները հիմնականում ինքը չի կատարում, բայց մի շարք ապրանքների գները իրականությանը բավականին մոտ ասաց` մի փոքր շեղումներով: Այսպես, ըստ նրա հացի գինը սկսվում է 100 դրամից եւ կախված որակից, ընկերությունից,` այն տատանվում է, մետրոյի եւ երթուղայինի ուղեվարձը, եւս 100 դրամ է: Մյուս ապրանքների գները ԲՀԿ-ական պատգամավորը նշեց մոտավոր, օրինակ` ձուն` 50-80 դրամ, կարտոֆիլի 1կգ-ը` 100 դրամ, պանրի 1կգ-ը` 1200-1500 դրամ, իսկ տավարի մսինը` 2000 դրամ:

Գների իմացությամբ ԲՀԿ-ից աչքի ընկավ  Թամարա Պողոսյանը, որ իր իմացությունը բացատրելով հետեւյալ կերպ. «Ապրում ենք իրական քաղաքացու կյանքով, բոլոր գներից տեղյակ ենք»: Մեկ այլ  ԲՀԿ-անդամ, մեծամասնականով պատգամավորության թեկնածու առաջադրված Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի Գրիշ») մեկ  շաբաթից ավելի է չի պատասխանում մեր հարցին` ամեն անգամ բերելով նույն պատճառաբանությունը. «Խառն եմ, հանդիպումների մեջ եմ, զբաղված եմ» եւ այլն:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, համամասնական ցուցակում ընդգրկված  Մյասնիկ Մալխասյանը տան գնումները երբեմն անձամբ է կատարում, սակայն դրանց գները փոքր-ինչ կասկածանքով էր ասում: Ըստ նրա` 450 գրամանոց հացի գինը արժե 180 դրամ, ձուն` 55-65 դրամ, պանրի կգ-ը` 1800 դրամ,  կարտոֆիլն արժե 250 դրամ, տավարի մսի կգը սկսվում է 2500 դրամից: Մետրոյի ուղեվարձը նա չգիտեր, քանի որ չէր երթեւեկում դրանով, իսկ երթուղայինինը` 100 դրամ:

Մեր հարցմանը մասնակցած մյուս գործիչները շատ ավելի լավ էին տիրապետում գներին` գրեթե բոլոր ապրանքների եւ ծառայությունները գները նշելով իրականությանը մոտ: Գներին լավ տիրապետող քաղաքական գործիչների շարքը բացում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը,  «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը,  «Միավորված հայեր» կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը, ովքեր կատարում են իրենց տան գնումները:

Նրանց պատասխանները ամփոփելով, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ  ըստ վերոնշյալ քաղաքական գործիչների, հացի գինը տատանվում է 80-350 դրամի սահմաններում, մեկ ձուն արժե 40-60 դրամ, կարտոֆիլի 1կգ-ը, կախված սեզոնից, 100-350 դրամ, տավարի մսինը` 2500-3000 դրամ, պանրի 1կգ-ը` 1500-2500 դրամ, իսկ մետրոյի եւ երթուղայինի ուղեվարձը, ըստ նրանց պատասխանների,  տատանվում է 100-200 դրամի սահմաններում:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ