News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ընտրակաշառքների դեմ պայքարի բնագավառում Հայաստանի օրենսդրությունը կատարելագործման կարիք ունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն, այսօր` ապրիլի 27-ին, գլխավոր դատախազության աշխատանքային խմբի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, դիտորդների ու լրատվամիջոցների  հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ խումբն ստեղծվել է հատուկ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ստացված հաղորդումներին արձագանքելու համար:

Թամազյանի խոսքով` շատ երկրներում, ինչպեսեւ Հայաստանում,  օրենսդրությունը նախընտրական կաշառքը կապում է քաղաքացիների կամքի արտահայտման խախտման հետ: «Իսկ եթե դա համընկնո՞ւմ է: Ինչպե՞ս այդ դեպքում գնահատել սուբյեկտի գործողությունները», - նկատել է  Արամ Թամազյանը` հավելելով, որ առաջարկ կա ապագայում տարբերակել կամքի  խախտմամբ եւ առանց խախտման ընտրակաշառքները:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանձնարարել էր ընտրակաշառքների դեմ պայքարի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Դրանից ելնելով, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հանձնարարել է անցկացնել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները` մեղավորներին բացահայտելու համար: Մասնավորապես, հայտնաբերել խախտումներում ներգրավված անձանց, հանգամանորեն ուսումնասիրել լրատվամիջոցների հրապարակումները, բացատրական աշխատանքների միջոցով բնակչությանը իրազեկել, որ կաշառք ստացած անձը ինքնակամ  իրավապահ մարմիններ ներկայանալու եւ հետաքննության հետ համագործակցելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից:

Արամ Թամազյանը նաեւ հիշեցրել է, որ ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով մրցակիցների հասցեին զրպարտությունների համար կարելի է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Կմասնակցեն քաղաքական 9 ուժեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ