News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

Կա միայն երեք հարց, որոնց անհրաժեշտ է պատասխանել. դու ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես անում եւ ինչի՞ համար ես անում. այդկերպ տրվում է սպառիչ պատասխան բոլոր հարցերին: Այսպես սկսվեց NEWS.am-ի թղթակցի զրույցը Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ (ֆոտոռեպորտաժ):

«Ես համոզվել եմ, որ գյուղը շատ ավելի մոտ է մշակույթի հայեցակարգին, քան քաղաքը: Գյուղում մարդիկ պատասխանատվություն են զգում մեկը մյուսի նկատմամբ: Նրանք ապրում են ոչ միայն սեփական հետաքրքրություններով, այլեւ համայնքի գործերով, ծանր րոպեներին նրանք պատրաստ են օգնության գալ: Իսկական մաքրությունը գյուղում է, այդ պատճառով էլ երգերը ծնվում են միսյն այն մարդկանց մոտ, որոնք մոտ են հողին: Քաղաքում ես հաճախ լսում եմ օտար երաժշտություն»,-ասաց նա:

Դուք ի՞նչն եք անվանում «օտար» երաժշտություն:

Այն, որը մտել է մեր կենցաղի մեջ:

Մաեստրո, ո՞ր բառով կբնորոշեիք այն, ինչը սովորաբար կոչում են ժամանակակից հայկական էստրադա:

«Էստրադայի» ժանրը սովետական նոմենկլատուրայի կողմից մտածված արհեստական հասկացություն է, որը նշանակում էր եւ միավորում այն ամենը, ինչ կատարվում էր բեմում: Այդ տերմինը ինչ-որ չափով տեղայնացրեց խնդիրը: Սակայն հնչում է ոչ միայն մասսայական երաժշտությունը, բեմում տեղի են ունենում նաեւ այլ բաներ` հնչում է վսեմ բառը, մշակույթ բառը:

Բայց երբեմն պրոպագանդվում են «կենցաղային» կրքեր, որոնք մարդուն տանում են դեպի սպառողական, անցողիկ երաժշտություն: Պետք է հասկանալ, որ այդպիսի երեւույթներն անխուսափելի են, մենք պետք է անցնենք այդ փուլը: Ես դա բացասական չէի գնահատի, քանի որ միամտություն կլիներ հավատալ, որ դրանից կարելի է խուսափել: Այլ բան է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սկզբունքները, սեփական «ես»-ի ընկալումը, որին նա չի կարող դավաճանել: Մենք բոլորս տարբեր ենք. Ամեն մեկն ունի իր քայլվածքը, իր գաղափարները, յուրաքանչուրը բերում է այս աշխարհ իր «գույնը»: Սակայն այն մասսայական երեւույթները, որոնք առկա են այսօր մեր կյանքում, ջնջում են անհատականությունը, տանում են միջակության:

Տեսեք, ինչքան խեղճ նկարիչների կարելի է հանդիպել այսօր Վերնիսաժում, որքան երգեր են հնչում, որոնց երգ անվանելն էլ շատ բարդ է: Նախկինում նույնիսկ անհնար էր պատկերացնել նման բան, գործում էին ընտրության խիստ չափանիշներ: Երգը հոգու ձայնն է: Սակայն ես չեմ կարող իդեալականացնել իրականությունը եւ մեր կյանքից բացառել մասսայական մշակույթի այսօրվա դրսեւորումները, որոնք, ասենք, բավական ագրեսիվ են: Յուրաքանչյուրի խնդիրն է գտնել սեփական հիմնարար սկզբունքները այս բոլոր բազմազանության մեջ: Չէ որ կյանքն էլ է կառուցված տարբերությունների վրա: Եթե դրանք չլինեն, չի լինի շարժում:

Բացառել այդ բոլոր երեւույթները չի կարելի, սակայն պայքարել դրանց դեմ, չդավաճանելով սեփական սկզբունքներին` անհրաժեշտություն է: Մեզ անհրաժեշտ է ազգային գաղափար, որի շուրջ կկարողանա համախմբվել ժողովուրդը: Մեզ անհրաժեշտ է ապավինել միմյանց, այլ ոչ թե թշնամիներ փնտրել:

Ազտությունը տրվում է մարդուն նրա համար, որ նա զերծ պահի իրեն գայթակղություններից, պետք է, որպեսզի ինքնուրույն ընտրություն կատարի: Մենք չենք կարող սեփական կարծիքը փաթաթել ուրիշի վզին, դրանով մենք կսահմանափակենք նրա ազատությունը:

Մի քանի ամիս առաջ «Ֆեներբահչե»  թուրքական երիտասարդական  ակումբը YouTube-ում  տեղադրել էր մի  հիմն, որի մեղեդին  ճիշտ կրկնում էր  հայկական հայրենասիրական  «Զարթնիր, լաո» երգը: Այն ժամանակ Դուք  շատ բուռն արձագանքեցիք: Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ «եթե մենք  չտանք դրան մեր կազմակերպված պատասխանը,  ապա ամեն ինչ շարունակվելու է»:  Այդ հարցում կա՞ որեւէ դրական  զարգացում:

Գոյություն ունեն պատերազմի տարբեր տեսակներ:  Մշակութային  դիվերսիան գոյություն ունի սկսած անհիշելի ժամանակներից:  Խաչքարերի ոչնչացումը նույն սերիայից է:  Երաժշտությունր մեզ համար ցավոտ  թեմա է հենց  նրա համար, որ նա  միջմշակութային շփման ամենադեմոկրատական եւ կենդանի ձեւն է:  Երաժշտությունը կարող է օգնել հաղթել թշնամուն:

Նախեւառաջ պետք է  ճանաչել հակառակորդին, դա կտա գիտելիքներ այն մասին, թե ինչ անել այդ հակառակորդի հետ հետո:

Սակայն կա եւս մի ձեւ` երգել նրա հետ: Աբսուրդ է հնչում,  այնպես չէ՞:

Այո, Ադրբեջանն անընդհատ փորձում է ապացուցել, որ մենք նրանից ամեն ինչ գողանում ենք. երաժշտությունը,  մշակույթը,  պատմությունը, ազգային  ժառանգությունը:  Բայց հասկանում եք,  երբ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ բան ապացուցել,  ուրեմն կա խնդիր: Ոչ մի բան պետք չէ ապացուցել, կյանքը ինքը ամեն ինչ իր տեղը կդնի:

Մի անգամ ես ականատես եղա, թե, ինչպես Շուշիի թանգարանում  ադրբեջանցի էքսկուրսավարը, անցկացնելով իր պատմական էքսկուրսիան  Բելառուսից ժամանած զբոսաշրջիկների  համար, ամեն կերպ փորձում էր ապացուցել ադրբեջանցիների բնիկ լինելը ղարաբաղյան հողում: Նա պնդում էր, որ այնտեղ ոչ ոք եւ երբեք բացի թուրքերից չի եղել: Զբոսաշրջիկները սկսեցին հարցնել, թե բա որտեղից  այստեղ առաջ եկան եկեղեցիները: Ադրբեջանցին ստիպված եղավ հնարքներ որոնել, հորինել տարբեր վարկածներ, սակայն արդյունքում նա ստիպված եղավ ասել, որ եկեղեցիները հայերն են կառուցել: Այս բոլորը շատ խղճուկ տեսք ուներ:

Այդպես էլ կլինի հետագայում, նրանց մոտ ոչինչ չի ստացվի ապացուցելու, քանի որ նրանք չունեն  հաջորդական պատմական հայեցակարգ: Այո, նրանք կշարունակեն  ոչնչացնել եկեղեցիները, խաչքարերը,  պատճառելով անուղղելի վնաս: Կշարունակեն  նպատակադրված եւ հետեւողական  քաղաքականությունը հայկական  մշակութային ժառանգության  ոչնչացման ուղղությամբ: Իսկ մենք իրավունք չունենք լռելու: Նման երեւույթները չի կարելի  թողնել անպատիժ ու անպատասխան:

Խնդիրն այն է, որ մեզ մոտ բացակայում է ազգային երաժշտական ժառանգության պաշտպանության սկզբունքային դիրքորոշումը:

Ավելի վատ, որ շատ հաճախ մենք ինքներս էլ չգիտենք, թե որն է մերը, իսկ որը` ոչ:

Ադրբեջանական  հռետորության ագրեսիվության աստիճանը բարձրանում է ոչ թե օրերով, այլ ժամերով:  Ավելի հաճախ են հնչում մեղադրանքները գրագողության մեջ. մեկ մենք նրանցից դուդուկն ենք «գողացել», մեկ էլ «սեփականացրել ենք» տոլման: Իմ հարցն է. ձեռք առնվո՞ւմ են արդյոք ինչ-որ  միջոցառումներ պետական  մակարդակով, մեր մշակութային արժեքների պաշտպանության եւ տխրահռչակ մշակութային դիվերսիային դիմակայելու ուղղությամբ:

Խնդրում եմ Ձեզ այդ հարցով դիմել  Հայաստանի մշակույթի նախարարին:

Ես դիմեցի Ձեզ, քանի որ Դուք մեկն եք այն մարդկանցից, որոնք հրապարակավ եւ բաց արտահայտվել եք այդ հարցի վերաբերյալ: Դուք հաստատ գիտեք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:

Իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում: Մենք ամորֆ միացություններ չենք: Բայց մեզ շատ է խանգարում միասնական դիրքորոշման բացակայությունը: Շատերը գնում են անձնական հարստացման ուղիով, մոռանալով համազգային շահերի մասին: Մենք ապրում ենք շատ հիվադագին ժամանակաշրջան, դա այդպես է, սակայն դա էլ կանցնի: Ինչ վերաբերում է իմ սեփական դիրքորոշմանը, ապա այն կայանում է ստի, գրագողության եւ այլնի հետ պայքարի անհրաժեշտության մեջ: Սակայն ես երբեմն հիշում եմ այն մասին, որ ես ստեղծագործող մարդ եմ: Երբեմն իմ դեմ սուր կանգնում են հենց ստեղծագործական բնույթի լուծման վերաբերյալ հարցեր: Այսօր ես ամբողջովին զբաղված եմ նոր օպերայի աշխատանքով, որի պրեմիերան կկայանա Գերմանիայում: Դեկտեմբերի 31-ից ես բանտարկել եմ ինքս ինձ սեփական տան մեջ` գյուղում, որպեսզի ավարտեմ աշխատանքս: Սակայն ես հեռու չեմ նրանից, ինչ է կատարվում Ձեր տված հարցի շուրջ:

Պարոն Ամիրխանյան, Դուք հաստատ գիտեք այն աղմուկի մասին, որ բարձրացել էր այս տարի Հայաստանի «Եվրատեսիլին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:

Այդ հարցն ինձ չի հետաքրքրում:

Հասկանում եմ, բայց ամեն դեպքում: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչպիսի՞ն է Ձեր անձնական դիրքորոշումն այդ հարցում:

Այո, տեղյակ եմ, սակայն քանի որ այդ մրցույթը ոչ մի գեղարվեստական արժեք իրենից չի ներկայացնում, ապա այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Հասկանում եք, եթե Ձեր կոշիկները անորակ են, ապա միշտ կա վտանգ, որ մեխը կմտնի Ձեր ոտքը:
Դուք ճի՞շտ եք համարում հայկական կողմի որոշումը մրցույթին չմասնակցելու վերաբերյալ:

Ես կարծում եմ, որ պետք էր ընտրել ամենալավ ստեղծագործությունը, գնալ Բաքու եւ հաղթել: Այ, այսպես: Իսկ անել մի քայլ հետ, հիմնովին սխալ է: Հասկանում եք, Ադրբեջանի հետ խնդիրներ ունենք ոչ միայն մենք, նրանց ագրեսիան արդեն տարածվում է ոչ միայն մեզ վրա: Ադրբեջանը վարում է փուչիկի քաղաքականություն, որն անխուսափելիորեն տրաքելու է: Իմ բառերը չեն նշանակում, որ թշնամուն կարելի է թերագնահատել:

Ինչի՞ց է վախենում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Վախենում եմ, որ չկարողանամ գրել:

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, մաեստրո:


Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ